Յոթ տարի մնացել ենք նույն դասարանում, մարդկանց առաջնորդում ենք դեպի տգիտություն․ Փաշինյանն՝ իր կառավարության մասին

10.04.2025, 13:10
Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք, ասաց Փաշինյանը
Յոթ տարի մնացել ենք նույն դասարանում, մարդկանց առաջնորդում ենք դեպի տգիտություն․ Փաշինյանն՝ իր կառավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մարդիկ, կառավարությունն ու պաշտոնյաները պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։  

«Պետք է մտածենք գիտելիքի պակասի մասին։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք  այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է։ Որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան,  մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում», – ասաց Փաշինյանը։ 

Նա ընդգծեց, որ եթե այս ամենը չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ 

«Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Բա գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իրա գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիք գնա։ Ո՞նց էր այդ գիտելիքը գյուղացուն հասնելու։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն ա։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս», – ասաց Փաշինյանը։ 

Նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է իրականացնում, քանի որ երկրում խորը կադրային ճգնաժամ է։