Վրաերթի են ենթարկվել 2 հարազատ եղբայրների կանայք

12.11.2015, 18:54
44-ամյա վարորդը Nissan-ով Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնող 2 հարազատ եղբայրների կանանց:
 Վրաերթի են ենթարկվել 2 հարազատ եղբայրների կանայք
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 44-ամյա վարորդը Nissan-ով Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնող 2 հարազատ եղբայրների կանանց, հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ հաղորդման, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։
Նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:45-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին և 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, ովքեր փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով: Վիրավորներից մեկին վարորդն է իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից Ն. Ղարաբաղցյանը գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ Մ. Բաղդասարյանը` ծանր վիճակում: -0-