Վերնիսաժի գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

26.09.2017, 12:57
Սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով կասկածյալներից մեկը` Ռաֆիկ Խաչատրյանը, հայտնաբերվել է սեպտեմբերի 22–ին։

Վերնիսաժի գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ, հնչած կրակոցների գործով կասկածյալներից մեկը` Ռաֆիկ Խաչատրյանը, հայտնաբերվել է սեպտեմբերի 22–ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):

60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ Պարբերականը հիշեցնում է, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:


Աղբյուրի հաղորդմամբ, Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել և հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել:

Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին:

«Այդ մարդկանց և Վահագնի միջև պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագնն իր ազգականներին և ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաև հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձևավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնել է Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Загружается новость ... "Право"

Ապօրինի զենքի մասին խոսելով` Ֆարմանյանը նշել է, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ և որոնողական աշխատանքների արդյունքում զենքը, սակայն, դեռ չի հայտնաբերվել:

«Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է ունի, բայց իսկական չէ, ասել են` ոչինչ դու հետդ բեր, էնքան որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը:

Մարինե Ֆարմանյանը հայտնել է նաև, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով:

Կարադավիդովը անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է:

Խաչատրյանը, ինչպես հաղորդում է փաստաբանը, ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն մինչև վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ/չհայտնելու հետ»,- ասել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավել ևս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել:

Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»:

Թերթի այն հարցին, թե ինչպես է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասել է, որ ըստ նախնական պայմանավորվածության, դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար, ինչպես և ստացվել է։

«Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի»,- գրում է թերթը: -0-