Ուսանողական դասադուլը վերածվեց հացադուլի. օր 6–րդ (ՎԻԴԵՈ)

14.11.2017, 12:15
Երևանում շարունակվում է ուսանողների դասադուլը տարկետման վերացման դեմ։
Ուսանողական դասադուլը վերածվեց հացադուլի. օր 6–րդ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում շարունակվում է ուսանողների դասադուլը տարկետման վերացման օրինագծի դեմ։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Ուսանողներից հինգը, այդ թվում նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անժամկետ հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, հայտնում է aysor.am–ը։

«Դուռը չենք բացելու, սկզբունքայնորեն որոշել ենք, որ դուռը չի բացվելու՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ամեն ինչ կարող է տեղի ունենալ», - փակված լսարանից լրագրողներին ասել է Դավիթ Պետրոսյանը։ Նա ավելացրել է, որ հացադուլն անժամկետ է ու պատրաստվում են այսօր գիշերել լսարանում։

Նա ընդգծել է, որ եթե նույնիսկ իրենց հայտարարած հացադուլին միացողներ էլ լինեն, միևնույն է, դուռը չեն բացելու։

«Մեզ մոտ կա մի հատ բարձ, 2 հատ ներքնակ, ջուր, ծխախոտ, հեռախոս, զարյադչնիկ ու թաց անձեռոցիկ», - ավելացրել է Պետրոսյանը։

Загружается новость ... "Лево"

Նա շեշտել է, որ իրենք իրենց քայլերը կդադարեցնեն, միայն երբ օրենքի նախագիծը կասեցվի։
Երկու օր առաջ ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, շարունակելու են պայքարը:

Ուրբաթ օրը ուսանողները բողոքի ակցիան շարունակել էին ԱԺ դիմաց, որտեղ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր օրինագիծը:
Հոկտեմբերի 27–ին ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։ –0–