ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Սփյուռքի միջև երկխոսության զարգացմամբ զբաղվող Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, երկուշաբթի Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում ասաց պետության ղեկավարի ռեֆերենտ Հովհաննես Նիկողոսյանը:
«Խորհրդակցությանը մասնակցել է մոտ 30 անվանի գործիչ, սփյուռքի բոլոր համայնքների կառույցների ղեկավարներ: Բոլորը միաձայն համոզմունք են հայտնել, որ արդեն ժամանակն է դեռևս 90-ականներին ծագած, Հայաստանի և սփյուռքի միջև ռազմավարական գործիք հանդիսացող Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ժամանակը»,- նշեց Նիկողոսյանը:
Նրա խոսքով, քննարկման բոլոր մասնակիցները միակարծիք էին, որ տվյալ կառույցի գործունեությունը կուղղվի սփյուռքի ներուժի և Հայաստանի ներքին կյանքին նրա մասնակցության աճին:
«Խորհրդակցության ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ, որը մոտ երեք ամսվա ընթացքում առաջարկներ կհավաքի տվյալ մարմնի ստեղծման վերաբերյալ սփյուռքի հայտնի կառույցներից այնպես, որ մենք կարողանանք առաջին նիստն անցկացնել Առաջին հանրապետության 100-ամյա տոնակատարության ընթացքում, այսինքն, 2018 թվականի մայիսին»,- ավելացրեց Նիկողոսյանը:
Խոսելով համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքի մասին, նա նշեց, որ Սարգսյանն անդրադարձավ մի քանի առանցքային հարցերի:
«Նախագահն ընդգծեց, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովներն ընկալում է որպես սփյուռքի հետ ռազմավարական երկխոսության հարթակ: Հաջորդ մեսիջն ուղղված էր երիտասարդությանը: Նախագահն ասաց, որ առանց երիտասարդության սփյուռքի կայուն զարգացումն իրագործելը դժվար է»,- ավելացրեց Նիկողոսյանը:
Արտաքին քաղաքականության համատեքստում, նշեց Նիկողոսյանը, նախագահը հատուկ ուշադրություն հրավիրեց Արցախյան քառօրյա պատերազմին:
2016 թ.–ի ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում