Սողանքները լրջագույն խնդիր են Հայաստանի համար. փորձագետ

10.11.2015, 14:22
Սողանքները Հայաստանի գլխավոր խնդիրներից են, կարծում է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։
Սողանքները լրջագույն խնդիր են Հայաստանի համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սողանքները Հայաստանի գլխավոր խնդիրներից են, կարծում է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։

«Հայաստանում, ելնելով երկրաբանական առանձնահատկություններից, «բարենպաստ պայմաններ» են ստեղծվել սողանքային երևույթների զարգացման համար։ Շատ հաճախ սողանքները հանգեցնում են լուրջ աղետների, մարդկային, ֆինանսական հսկայական կորուստների, որոնք հասնում են տասնյակ միլիոնավոր դոլարների»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Գրիգորյանը «Հայաստանի ընդերքի և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բնապահպանական կառավարումը` խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատանքային համաժողովում։

Համաժողովը կազմակերպվել է ԵՊՀ–ին առընթեր Կայուն զարգացման կենտրոնի և ԵԱՀԿ–ի հետ համատեղ։

Փորձագետը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակաշրջանում երկրում հակասողանքային տարբեր միջոցառումներ են իրականացվել։ «2007 թվականին Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը մշակել է սողանքների կանխարգելման հայեցակարգ, որը ներկայացվել է կառավարությանը, բայց, ցավոք, այն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ կառավարությունն անհրաժեշտ ֆինանսավորում չի տրամադրել միջոցառումների իրագործման համար»,– ընդգծեց Գրիգորյանը։

Ըստ նրա, ներկայում Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը միջազգային փորձագետների հետ համատեղ մշակել և նոր հայեցակարգ է ներկայացրել։

«Այնուամենայնիվ, տվյալ միջոցառումների ֆինանսավորման հարցն առայժմ բաց է»,– նշեց Գրիգորյանը։

Հայաստանի տարածքը բնութագրվում է սողանքային երևույթների ինտենսիվ զարգացմամբ, ինչը պայմանավորված է լանջերի բարձր զառիթափությամբ, երկրաձևաբանական և երկրաբանական բարդ առանձնահատկություններով, որոնք ավելի են բարդանում տեխնածին գործոնների հետևանքով։ Փորձագետների տվյալներով, Հայաստանում գոյություն ունի ավելի քան 2000 խոշոր սողանք։ -0-