Տիմուր Բեկմամբետովի «Տոնածառերը» ամանորյա ալմանախը կունենա «Տոնի վեց աստիճանները» (Six Degrees of Celebration) չինական տարբերակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Deadline.com կայքին:
2010 թ.-ի ամանորյա տոներից առաջ լույս տեսած առաջին «Տոնածառերը» «վաստակեցին» 23 մլն դոլար և վարձույթի արդյունքում դարձան 2011 թ.-ի ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը: 2011 թ.-ի դեկտեմբերի 15-ին էկրան բարձրացած ֆիլմի երկրորդ մասը առաջին հանգստյան օրերին միանգամից «հավաքեց» 7,8 մլն դոլար: Երկրորդ ալմանախի արտադրման բյուջեն նույնն էր, ինչ առաջինինը՝ 3 մլն դոլար, գովազդային ծախսերի հետ միասին նախագիծն արժեր շուրջ 5 մլն դոլար:
«Տոնածառերի» չինական տարբերակը նվիրված կլինի չինական Նոր տարուն: Օրիգինալ ալմանախի նման չինական տարբերակում կներկայացվի ութ պատմություն, որոնք տեղի են ունենում երկրի տարբեր մասերում և նկարահանված են տարբեր ռեժիսորների կողմից: Ֆիլմերից մեկը նկարահանում է Բեկմամբետովը, երկրորդը՝ նախագծի համահեղինակ Եվա Ցզինը (Eva Jin), ով հայտնի է «Սոֆիի վրեժը» (Sophie's Revenge, 2009) ռոմանտիկ կատակերգությամբ, մնացած անունները դեռևս չեն հրապարակվում: Միայն պարզ է, որ ամեն ինչ կրկին կառուցվելու է վեց ձեռքսեղմումների կամ ծանոթության վեց աստիճանների տեսության հիման վրա, որի համաձայն՝ գավառային մանկատան ցանկացած սան ցանկության դեպքում կարող է հասնել նախագահին:-0-