ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է Աֆղանստանից բխող սպառնալիքներին հակազդելու միջոցառումների ծրագրի նախագիծը

17.11.2011, 17:22
ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է Աֆղանստանից բխող սպառնալիքներին հակազդելու միջոցառումների ծրագրի նախագիծը
ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է Աֆղանստանից բխող սպառնալիքներին հակազդելու միջոցառումների ծրագրի նախագիծը

Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ՀԱՊԿ-ի միջոցառումների ծրագրի նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է նոյեմբերի 17-ին՝ ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի նիստի ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալութայնը տեղեկացրեց կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքերով՝ նիստի ընթացքում որոշում է ընդունվել փաստաթղթի նախագիծը ներկայացնել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների քննարկմանը, ինչպես նաև ծրագրի նախագծի հաստատման մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացնել կազմակերպության անդամ-պետություններին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև «Արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ-պետությունների արձագանքման կարգի դրույթի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը պատրաստվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից տրված հանձնարարությունների շրջանակներում:

Նիստը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Իվանովի նախագահությամբ: Մշտական խորհրդի աշխատանքին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ պետությունների կողմից 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը հինգ տարին մեկ անգամ ավտոմատ կերպով երկարացվում է:-0-