Ռոբերտ Ամիրխանյանն ու Վլադիմիր Սպիվակովն արժանացել են «Համագործակցության աստղեր» մրցանակի

22.04.2011, 17:51
Ռոբերտ Ամիրխանյանն ու Վլադիմիր Սպիվակովն արժանացել են «Համագործակցության աստղեր» մրցանակի
Ռոբերտ Ամիրխանյանն ու Վլադիմիր Սպիվակովն արժանացել են «Համագործակցության աստղեր» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը և ՌԴ Ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիրներ են դարձել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մրցանակաբաշխությունը կայացել է ուրբաթ Ռուսական պետական գրադարանի Պաշկովի տանը։

Ամիրխանյանն մրցանակի է արժանացել մարդասիրական գործունեության բնագավառում, իսկ Սպիվակովը՝ մշակույթի և արվեստի։

Մոսկվայում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, անցած տարվա դափնեկիրները, ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչները, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսը։

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը հիմնադրվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից։ Ամեն տարի այն շնորհվում է գիտության և կրթության, մշակույթի և արվեստի բնագավառում, մարդասիրական գործունեության խոշոր ներդրումների և նվաճումների համար, որոնք համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են Համագործակցության երկրների հումանիտար համագործակցությանը։ Երեք անվանակարգերում երեքական մրցանակ է շնորհվում՝ յուրաքանչյուրը երկու միլիոն ռուբլի չափով։ -0-