Մեդվեդևը վավերացման է ներկայացրել Գյումրիում գտնվող ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին արձանագրությունը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի 1995 թ.-ի երկկողմ պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողությունների ժամկետների երկարացմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Արձանագրությունը ստորագրված է Երևանում նախորդ տարվա օգոստոսին: Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:
Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:
Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:
Փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:
Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:
Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:-0-