Աֆղանստանում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներ դեռ չկան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

21.02.2011, 15:05
Աֆղանստանում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներ դեռ չկան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներ դեռ չկան, երկուշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքերով՝ այսօր իրականացվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին ուղղված Պետդեպարտամենտի հրահանգը՝ բոլոր ուղղություններով դադարեցնել և չհամագործակցել ՀԱՊԿ-ի հետ, և այդ հրահանգն իրականացված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բախվելով միանման մարտահրավերների հետ, որոնք են՝ ահաբեկչությունը, թմրամիջոցները, անօրինական միգրացիան և անվտանգության այլ խնդիրներ, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը: Ցավոք, առաջին պլան են մղվում քաղաքական խնդիրները», - ընդգծել է Բորդյուժան:

«Մենք ինքնաբավ կազմակերպություն ենք: Մենք բավականին շատ խնդիրներ ունենք, որոնք լուծում են պահանջում, ունենք համապատասխան համակարգող մեխանիզմներ,  ունենք արդյունքներ: Եվ մենք չենք տուժում ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական կապեր չունենալու պատճառով», - նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-