Վրաստանի իշխանությունները կարողացել են հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ կասկածվող անձանց մեծ խումբ ձերբակալել՝ ավելի վաղ ինքնակամ հանձնվածների կողմից տրամադրված տեղեկատվության շնորհիվ, լրագրողներին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի հակահետախուզության դեպարտամենտի փոխտնօրեն Օթար Օրջոնիկիձեն:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր լրտեսության մեջ մեղադրվող 13 մարդկանց ձերբակալման մասին, որոնցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս օպերացիան հիմնականում անցկացվեց այն պատճառով, որ 2006 թ.-ին իշխանությունների որոշմամբ՝ այն անձինք, ովքեր ինքնակամ կխոստովանեին օտարերկրյա հատուկ ծառայության հետ կապեր ունենալու փաստը, կազատվեին քրեական պատասխանատվությունից», - ասել է Օրջոնիկիձեն:
«Դրանից հետո ՆԳՆ են դիմել մեծ թվով մարդիկ: Նրանց կողմից տրամադրած տեղեկատվության վերլուծության հիման վրա էլ անցկացվել է այս օպերացիան», - ավելացրել է նա:
Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, հակահետախուզության դեպարտամենտի կողմից անցկացված օպերացիայի ընթացքում հայտնաբերվել են «տասնյակ մարդիկ», ովքեր համագործակցում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Նրանցից 13-ը ձերբակալվել են:-0-