Ուկրաինացի սրտավիրաբույժները երեխայի բացառիկ վիրահատություն են կատարել

30.07.2010, 13:38
Ուկրաինացի սրտավիրաբույժները երեխայի բացառիկ վիրահատություն են կատարել

Ուկրաինայի Բժշկական գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Ամոսովի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային ինստիտուտի մասնագետները գերբարդ բացառիկ վիրահատություն են կատարել սրտի հիպոպլազիայի ախտանիշով մի երեխայի, հինգշաբթի հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը։

Սրտի հիպոպլազիայի ախտանիշով Ուկրաինայում ամեն տարի մինչև 200 երեխա է ծնվում։ Բժիշկների խոսքերով՝ համապատասխան վիրահատությունը պետք է կատարվի երեխայի կյանքի առաջին շաբաթներում։  

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ամոսովի անվան ինստիտուտի բժիշկների բրիգադը պրոֆեսոր Վասիլի Լոզորիշինցի գլխավորությամբ առաջին անգամ Ուկրաինայում վիրահատական հաջող միջամտություն է իրականացրել 11 օրական և 3,5 կգ քաշով նորածնի բնածին դեֆեկտի՝ սրտի հիպոպլազիայի համախտանիշի բուժման նպատակով։

Ինչպես նշեց պրոֆեսոր Լազորիշինեցը, ավելի վաղ նման ախտորոշումը հիվանդի համար մահապատիժ էր համարվում։

«Առանց մասնագիտացված սրտավիրաբուժական օգնության այս արատով երեխաների 100 տոկոսը մահանում էր կյանքի առաջին օրերին։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, և կատարված վիրահատության փորձը կօգնի մանկական նոր կյանքեր փրկել»,- մեջբերվում են սրտաբանի խոսքերը հաղորդագրությունում։

Ինչպես հայտնել է Առողջապահության նախարար Զինովի Միտնիկը, «ուկրաինացի բժիշկներն առաջին անգամ բարդ և բացառիկ վիրահատություն են անցկացրել սրտի հիպոպլազիայիվ մի մանուկի»։ «Նման վիրահատությունն արդեն այսօր հույս է տալիս ուկրաինացի հարյուրավոր երեխաների, ովքեր առայսօր կյանքի որևէ հույս չունեին»,- մեջբերում է նախարարությունը Միտնիկի խոսքերը։

Սրտի ձախ հատվածի հիպոպլազիայի համախտանիշը արատների հետերոգեն խումբ է, որը բնութագրվում է աորտայի թերզարգացությամբ։ Արդյունքում սրտի ձախ հատվածը ի վիճակի չի լինում պատշաճ մակարդակով պահել արյունատար համակարգի շրջանառությունը։ -0-