ԱՄՆ-ն Ղրղզստանում ռազմական գործողություն չի ծրագրում, ինչպես նաև ոչինչ չգիտի Մոսկվայի՝ «Մանաս» տարանցիկ կենտրոնը փակելու ցանկության կամ փորձերի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Ղրղզստանի հարավային մայրաքաղաք Օշում և մարզկենտրոն Ջալալ-Աբադում արդեն մի քանի օր միջէթնիկական բախումներ են տեղի ունենում ղրղզների և ուզբեկների միջև: Մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Հակամարտության գոտիները լքել են մինչև 200 հազար փախստականներ: Պաշտոնական վերջին տվյալներով, հարավում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվել է 179 մարդ: Ղրղզստանի իշխանությունները ՌԴ-ին են դիմել խաղաղապահների միջամտության խնդրանքով: ՀԱՊԿ-ն հանրապետությանը ռազմական և օդային տեխնիկա, ինչպես նաև հատուկ միջոցներ տրամադրելու որոշում է ընդունել:
Մի շարք ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, Ղրղզստանում ռուս զինծառայողների հետ մասնակցի խաղաղարար գործողություններին:
«Չեմ կարծում, որ կարող է համատեղ գործողություն սկսվել Ղրղզստանում: Իհարկե ՌԴ-ն և ԱՄՆ-ն հանրապետությունում փոխադարձ շահ ունեն», - ասել է Գորդոնը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով German Marshall Fund-ի վաշինգտոնյան ներկայացուցչությունում՝ ներկայացնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակի մասին զեկույցը: Գորդոնի ելույթը եղել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ԱՄՆ նախատեսված այցից մի քանի օր առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով ամերիկացի փորձագետներից մեկի խնդրանքին, որ մեկնաբանի Ռուսաստանի ցանկությունն ու ճնշումը, ինչը նա իբր գործադրում է Ղրղզստանի կառավարության վրա «Մանաս» միջազգային տարանցիկ կենտրոնը փակելու նպատակով՝ Գորդոնն ասել է. «Մենք որևէ ահազանգ չենք ստացել այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում կամ փորձում է փակել այդ բազան»:
Նախօրեին պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ Ղրղզստանի իրավիճակի շուրջ և պատրաստ է հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ծրագրում է մասնակցել Ղրղզստանի իրավիճակի կարգավորմանը միայն միջազգային կազմակերպությունների շրջանակներում և խորհուրդ է տալիս ժամանակավոր կառավարությանն ավելի սերտ համագործակցել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ:
Քրոուլին նշել է, որ ԱՄՆ-ն շուրջ մեկ միլիոն դոլար օգնություն է հատկացրել Ղրղզստանին դեղորայքի, բուժսարքավորումների և հագուստի տեսքով: Խոսելով «Մանաս» տարանցիկ կենտրոնի մասին, որը Աֆղանստանում ռազմական գործողություններ է ապահովում, Քրոուլին նշել է, որ բազան աշխատում է սովորական ռեժիմով:
Նախորդ շաբաթ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ելույթի ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրասիայի տարածքի հարցերով տնօրեն Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՌԴ-ին հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Ղրղզստանում լիիրավ գործընկերոջ կարգավիճակում է տեսնում:
«Ես մի քանի շաբաթ առաջ Ղրղզստանում էի և համոզվեցի, որ «Մանաս» տարանցիկ կենտրոնն աշխատում է և կարևոր աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանում գործող մեր առաքելությանը», - ասել է Մաքֆոլը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի վարչակազմը շահագրգռված է կենտրոնի աշխատանքի շարունակությամբ, պատրաստ է այս հարցում համագործակցել Ղրղզստանի և Ռուսաստանի հետ և կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ լուծել տարանցիկ կենտրոնի աշխատանքի վերսկսմանը խոչընդոտող բոլոր հարցերը:
«Մենք Ղրղզստանի անցումային կառավարության հետ գտնվում ենք բավականին հետաքրքիր և միաժամանակ բարդ բանակցությունների փուլում: Ռուսաստանը ևս հաստատել է համագործակցելուն հետամուտ լինելը: Մենք համոզված ենք, որ դա («Մանաս» տարանցիկ կենտրոնի գործարկումը) ելնում է և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և Ղրղզստանի շահերից: Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք նայում տարածաշրջանում Ռուսաստանի և Ղրղզստանի նոր կառավարության հետագա համագործակցությանը: Դա բոլորին օգտակար կլինի: Կարծում եմ, որ Ղրղզստանը աշխարհի միակ վայրն է, որտեղ գործում են և ռուսական ռազմաբազան, և ամերիկյան տարանցիկ կենտրոնը», - հայտարարել է Մաքֆոլը:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ ծանոթանալու նպատակով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Բլեյքը ուրբաթ և շաբաթ կայցելի Բիշքեկ, որտեղ կհանդիպի երկրի ղեկավարությանը: Երեքշաբթի Բլեյքը, ով գտնվում էր Թուրքմենստանում, երկրի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաևայի հետ հեռախոսով քննարկել է Ղրղզստանի հարավում տիրող իրավիճակը:
Չորեքշաբթի Բլեյքը Տաշքենդում էր, հինգշաբթի, ինչպես ակնկալվում է, կայցելի Ֆերգանայի հովիտ և կծանոթանա ուզբեկաղրղզական սահմանում տիրող իրավիճակին:-0-