ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը աշնանը ելույթ կունենա Համագործակցության երկրների մայրաքաղաքներում
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը աշնանը ելույթ կունենա Համագործակցության երիկրների մայրաքաղաքներում՝ Երևանում, Ասթանայում, Բաքվում, Մոսկվայում, Աշխաբադում և Կիևում, Փարիզում նախօրեին լրագրողներին հաղորդեց նվագախմբի տնօրեն Վլադիմիր Սպիվակովը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, երկուշաբթի Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱՊՀ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը նվիրված էր Երկրորդ համաշախարհային պատերազմի ավարտի 65-ամյակին։
Նվագախմբի կազմում, որը ստեղծվել է 2007թ.-ին՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ, ներառված է Համագործակցության 11 երկրներից 93 երիտասարդ կատարող։
Փարիզում համերգի կազմակերպիչներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը և ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ ։
«Իրենց արվեստով երիտասարդ երաժիշտներն աշխարհի իրական կամուրջներ են կառուցում»,- նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում համերգը շուրջ երկու ժամ է տևել և անցել մի շնչով: Համերգին մասնակցել է ուկրաինացի դաշնակահար, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Գավրիլյուկը։ -0-