Քրեակատարողական հիմնարկի պահակախումբը Վրաստանում ծեծի է ենթարկել հայ ակտիվիստին. հայտարարություն

10.05.2010, 13:43
Քրեակատարողական հիմնարկի պահակախումբը Վրաստանում ծեծի է ենթարկել հայ ակտիվիստին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախումբը բռնություն է գործադրել այնտեղ պահվող ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ, ասվում է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին:

««Միասնական Ջավախք» ժողովրդավարական միություն» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը Վրաստանի Սամցխե Ջավախեթի տարածքի քաղաքական ակտիվիստներից մեկն է: Նա ձերբակալվել է իր տանը 2008 թ.-ի հուլիսի 21-ին:

Վրաստանի Ախալցխայի դատարանը Չախալյանին մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես, զենքի-զինամթերքի ձեռքբերում և պահում, հասարակական կարգը խախտող զանգվածային միջոցառումենրի կազմակերպում, ոստիկանության աշխատակցին կամ իշխանության այլ ներկայացուցչին հանցավոր դիմադրություն, որը կատարվել է մի շարք անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ: 2009 թ.-ի ապրիլի 7-ին Չախալյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մեղադրանքները շինծու են համարում:

«Ընտանիքի անդամների հետ ջավախահայ քաղաքական գործչի տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա՝ հարվածներ հասցնելով իրանին և դեմքին: Սա երկրորդ անգամ է, երբ Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվում վրացական բանտում: Առաջին դեպքը տեղի է ունեցել 2009թ. ապրիլի 16-ին՝ Թբիլիսիի Գլդանի քրեակատարողական հիմնարկում: Դրանից երկու օր առաջ՝ ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցույց էր անցկացրել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի», - ասվում է հայտարարության մեջ:


Ստույգ տեղեկությունների վրա հիմնվելով` Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հայտարարում է, որ այս միջադեպը ուղղակիորեն կապված է մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ:

«Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, խստորեն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների այս խայտառակ քայլին, որով նրանք հերթական անգամ ցինիկաբար ոտնահարում են կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ իրենց ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վերահաստատում է նաև Վահագն Չախալյանի ազատ արձակման համար պայքարելու իր վճռականությունը: -0-