Մոսկվան հինգշաբթի հրաժեշտ կտա ջազմեն Գեորգի Գարանյանին

14.01.2010, 12:44
Մոսկվան հինգշաբթի հրաժեշտ կտա ջազմեն Գեորգի Գարանյանին
Մոսկվան հինգշաբթի հրաժեշտ կտա ջազմեն Գեորգի Գարանյանին

Երկուշաբթի կյանքի 76-րդ տարում մահացած հայտնի սաքսոֆոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Գեորգի Գարանյանի երկրպագուները, նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները հինգշաբթի հրաժեշտ կտան արտիստին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին էր հայտնել արտիստի տիկին Նելլի Զաքիրովան, Գարանյանը ժամանել էր Կրասնոդար՝ ամենամյա ավանդական համերգին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար հունվարի 13-ին, և ժամանելուց հետո իրեն վատ էր զգացել՝ «սրտի նոպա էր ունեցել, և սիրտը կանգ է առել»։

Մոսկվայի ֆիլհարմոնիայի հաղորդմամբ, Գարանյանի հետ հրաժեշտը տեղի կունենա Չայկովսկու անվան համերգասրահում 10։00-ից մինչև 13։00 (մսկ), ինչից հետո 14։00-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողություն Վագանկովսկի գերեզմանատանը։

Գեորգի Գարանյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին: Գ. Գարանյանը սկսել է իր երաժշտական կարիերան 1950-ական թթ-ին, մեծ համբավ է ձեռք բերել 1960-ական թթ.: Ղեկավարել է «Կրասնոդարի բիգ-բենդե և «Մեղեդի» համույթները, որոնք համագործակցել են Իոսիֆ Կոբզոնի, Լյուդմիլա Գուրչենկոյի, Լև Լեշչենկոյի, Ալլա Պուգաչովայի և անվանի այլ երաժիշտների հետ:

Գարանյանը երաժշտություն է գրել խորհրդային մի շարք սիրված կինոֆիլմերի համար, որոնց թվում են «Պոկրովյան դարպասներ», «Իրիկնային լաբիրինթոս», «Նրա երիտասարդության բաղադրատոմսը» և այլ ֆիլմեր: Գեորգի Գարանյանը ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով վարել է «Ջեմ-5», ռադիոյով` «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդաշարերը: -0-