Թեոդոսիայում խաչքար կտեղադրվի՝ ի նշան հայկական Արմավիրի հետ բարեկամության

11.01.2010, 11:00
Թեոդոսիայում խաչքար կտեղադրվի՝ ի նշան հայկական Արմավիրի հետ բարեկամության
Թեոդոսիայում խաչքար կտեղադրվի՝ ի նշան հայկական Արմավիրի հետ բարեկամության

Թեոդոսիայում Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի եկեղեցու մոտ ծրագրվում է տեղադրել խաչքար՝ ի նշան հայկական Արմավիր քաղաքի հետ բարեկամության, հաղորդում է Analitika.at.ua կայքը:

Հայ սցենարիստ և ռեժիսոր Ռաֆայել Շահինյանը, ով Թեոդոսիայի և Արմավիրի միջև բարեկամության պայմանագրի կնքման նախաձեռնողն է, պատմել է լրագրողներին, որ մարմարից պատրաստված խաչքարը կունենա 2 մետր բարձրություն, նրա վրա կպատկերվեն մարդկանց երեք ֆիգուրներ՝ երկու մեծահասակ և մի երեխա:

Պատվանդանի վրա գրված կլինի՝ «Թեոդոսիա-Արմավիր՝ քույր քաղաքներ»: Խաչքարի մոտակայքում ծրագրվում է պուրակ հիմնել, իսկ ապագայում ծրագրվում է եկեղեցու բակում ստեղծել հայ ժողովրդի հռչակավոր ներկայացուցիչների դիմանկարների թանգարան:

«Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի եկեղեցին Թեոդոսիայում հայերի իսկական մշակութային կենտրոնն էր: Մինչ այժմ եկեղեցու տարածքում պահպանվել են հնագույն խաչքարեր: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում և քաղաքի հայկական ճարտարապետության ամենանշանակալի եկեղեցին է», - նշել է Շահինյանը:

Խաչքարի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ բացումը նախատեսված է հաջորդ տարվա մայիսին: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Ղրիմի մշակույթի հայ և օտարազգի գործիչներ:-0-