Թաիլանդում վայրէջք կատարած ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան էր մեկնում

Թաիլանդում վայրէջք կատարած ինքնաթիռը Ուկրաինայից Ադրբեջան էր մեկնում, լրագրողներին է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պյոտր Պորոշենկոն։
Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, նախարարը տեղեկացրել է, որ ինքնաթիռը դեկտեմբերի 13-ին առանց բեռան ժամանել է Ուկրաինա՝ Հոստոմել, իսկ դեկտեմբերի 8-ին առանց բեռան թռել է Բաքու։
«Մեր տվյալներով, ինքաթիռը դատարկ պտտվել է մի քանի օդանավակայաններում և միայն Պխենյանում բեռնվել է։ Պխենյանից ինքնաթիռը դուրս է եկել Բանգկոկ»,- ընդգծել է Պորոշենկոն։
Միաժամանակ նա ավելացրել է, որ Ուկրաինան որևէ կապ չունի Թաիլանդում զենքով բեռնված ինքաթիռի հետ։ «Ինքնաթիռն ուկրաինական չէ, անձնակազմի անդամները նույնպես ուկրաինացիներ չեն»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, որ ուկրաինական կողմը ստուգում է ուկրաինական ընկերությունների՝ ցանկացած ձևով հնարավոր առնչության վերաբերյալ տեղեկատվությունն այդ չվերթի իրականացման հարցում։ «Ներկայում մեր առնչության որևէ հաստատում չկա»,- ասել է նա։ Նախարարը նկատել է, որ ուկրաինական իրավասու մարմինները պատրաստ են տրամադրել ցանկացած տեղեկատվություն քննության անցկացման ժամանակ։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին, Թաիլանդում վայրէջք կատարած զենքով բեռնված Իլ-76 ինքնաթիռն իբր մեկնում էր Ուկրաինա։ Նմանատիպ տեղեկատվություն է, մասնավորապես, տրամադրել անձնակազմի հրամանատարը։ Միաժամանակ առայսօր չի պարզվել ինքնաթիռի պատկանելությունը։ Տարբեր վարկածներով, Իլ-76-ն իբր վրացական ավիաընկերության է պատկանում, բայց այժմ վարձակալվում է ուկրաինական ընկերության կողմից։
Ինքնաթիռի անձնակազմի կազմում հինգ հոգի է՝ հրամանատարը Բելառուսի քաղաքացի է, մյուսները՝ Ղազախստանի։ Նրանց մեղադրում են զենքի անօրինական պահման, բեռան վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման (իբր դրանք «հորատման մեխանիզմներ են») և Թաիլանդի տարածքով սպառազինման անօրինական փոխադրման մեջ։
Ինքնաթիռում հայտնաբերվել է հրաձգային զենք, պայթուցիչ, նռնականետ և նույնիսկ հռթիռներ։ Ոչ պաշտոնական տվյալներով, զենքի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 35 տոննա։ -0-