Հետխորհրդային ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ընդգծեն իրենց միջև առկա ընդհանրությունները, ոչ թե տարբերությունները. նախարար

09.12.2009, 14:51
Հետխորհրդային ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ընդգծեն իրենց միջև առկա ընդհանրությունները, ոչ թե տարբերությունները. նախարար
Հետխորհրդային ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ընդգծեն իրենց միջև առկա ընդհանրությունները, ոչ թե տարբերությունները. նախարար

Հետխորհրդային ԶԼՄ-ները պետք է դադարեն մտածել իրենց միջև առկա տարբերությունների մասին, այլ ավելի շատ ընդգծեն իրենց առկա ընդհանրությունները համատեղ խնդիրները լուծելու համար, կարծում է ՌԴ կապի ու զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչեգոլյովը:

Ելույթ ունենալով «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած եվրոպական և ասիական մեդիաֆորումի ժամանակ` նա բոլորի ուշադրությունը հրավիրեց հայտնի արտահայտությանը. համախմբվելու համար նախ պետք է սահմանազատվել: «Երևի, ԶԼՄ-ների ոլորտում մենք արդեն համախմբմանն ենք անցնում»,- ասել է նա չորեքշաբթի՝ դիմելով մեդիաֆորումի մասնակիցներին:

Նրա խոսքերով` 1990-ականներին հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների միջև ընդհանրություններն ակնհայտ էին, և նրանք  իրենց անհատականությունն ընդգծելու համար ուշադրությունը բևեռեցին տարբերությունների վրա:

«Այժմ երևի բոլորի համար ակնհայտ է, որ մենք շատ ընդհանուր, նաև շատ տարբեր բաներ ունենք: Այժմ արդեն կարելի է միանգամայն հանգիստ անցնել այդ տարբերությունների վրայով ու մտածել այն խնդիրների մասին, որոնք կանգնած են ԶԼՄ-ների, այդ թվում և արդյունաբերության առաջ»,- նշեց  Շչեգոլևը:

Այս առումով, նախարարի կարծիքով, շատ լավ է, որ ֆորումի շրջանակներում քննարկվեն ԶԼՄ-ների տեխնոլոգիաների, կարգավորման, այդ թվում և ինքնակարգավորման հարցեր, ինչպես նաև հեղինակային իրավունքների պաշտպանության, բովանդակության հարցեր, «որովհետև սա հիմնականում ԶԼՄ-ների` որպես արդյունաբերության գոյատևման հարցն է»:  

Սա հետխորհրդային երկրների ազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների` թվով չորրորդ ամենամյա ֆորումն է: Նման հանդիպումների անցկացման նախաձեռնությամբ «ՌԻԱ Նովոստին» առաջին անգամ հանդես է եկել 2006 թ.-ին: Ամենամյա ֆորումի նպատակը ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ների առջև ծագած  խնդիրների քննարկումն է:

Դրան կմասնակցեն հետխորհդրային պետությունների առավել հեղինակավոր ու զանգվածային տպագիր ու էլեկտրոնային հրատարակությունների շուրջ 150 ղեկավարներ և գլխավոր մենեջերներ, ինչպես նաև ավելի քան 150 ռուսաստանցի հյուրեր ու մասնակիցներ:

Ֆորումի ծրագիրը նախատեսում է դրսից եկած լրագրողների լայն շփման հնարավորություն ռուս գործընկերների, ՌԴ պետական կառույցների ղեկավարների, հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Պանելային քննարկումների, կլոր սեղանների, ԶԼՄ-ների գործունեության առանձին ուղղություններով սեկցիոն աշխատանքների ընթացքում մասնակիցները կքննարկեն արդիական մասնագիտական հարցեր ու համատեղ մուլտիմեդիոն նախագծերի հնարավորություններ: -0-