Մեդիաֆորում-2009-ը պետք է ԶԼՄ-ների երկխոսության և նորարարությունների հարթակ դառնա. Միրոնյուկ

«ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած եվրոպական և ասիական լրատվամիջոցների ֆորումը պետք է ԶԼՄ-ների երկխոսության, մտքերի փոխանակման, նորարարությունների հարթակ դառնա, ասաց «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը` Մոսկվայում բացելով մեդիաֆորում-2009-ը:
«Ֆորումում մենք փորձել ենք հեռանալ մենախոսության սկզբունքից: Ֆորումը պետք է ԶԼՄ-ների երկխոսության, շփման, մտքերի փոխանակման, նորարարությունների հարթակ դառնա: Սա եզակի հնարավորություն է միավորելու ջանքերը` լուծելու համար այն խնդիրները, որոնք կանգնած են ԶԼՄ-ների առջև»,- ասաց Միրոնյուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով` այսօր ԶԼՄ-ների առջև ծառացած խնդիրների մասնագիտական քննարկման անհրաժեշտություն է ծագել: Ֆորումի աշխատանքի ընթացքում ծրագրվում է քննարկել հարցերի երեք բլոկ. տեխնոլոգիական` կապված ԶԼՄ-ների աշխատանքի նոր տեղեկատվական խողովակի և մուլտիմեդիայնությանն անցման հետ, լրագրողական հարցեր, որոնք վերաբերում են աշխատանքի որակին, վաստահությանը մասնագիտության նկատմամբ: Հարցերի երրորդ բլոկը քաղաքական և գաղափարական հարցերն են:
«Առաջին բլոկի առումով մենք չենք կարող հետ մնալ ժամանակակից մեդիատեխնոլոգիաների զարգացումից, որպեսզի մրցունակ լինենք: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ոչ միայն լրատվական գործակալություն է, դա հսկա մուլտիմեդիոն հոլդինգ է, որն իրականացնում է լրատվության ստացման և փոխանցման աշխատանքը: «ՌԻԱ Նովոստին» մուլտիմեդիայնության պիոներն է»,- նշեց գլխավոր խմբագիրը:
Գործակալությունը գիտի մուլտիմեդիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, ասել է Միրոնյուկը: «Մենք ձեզ ներկայացնելու բան ունենք»,- հայտնեց նա:
Լրագրողների աշխատանքի որակին նվիրված հարցերի երկրորդ բլոկը նույնպես շատ կարևոր թեմա է, քանի որ գլխավոր խմբագրի կարծիքով` առաջ անցնելու մրցավազքում հաճախ տեղի է ունենում տեղեկատվության որակի իջեցում: «Ավելանում է ուրիշի տեղեկատվությունն օգտագործելու վտանգը: Գրագողության դեմ պայքարը խոսքի ազատության իրագործման կարևոր մասն է»,- ասել է Միրոնյուկը:
Գործակալության ղեկավարը հավելեց, որ հարցերի այդ բլոկում հարկ է քննարկել նաև հասարակության կողմից լրագրությանն ու ԶԼՄ-ների տեղեկատվությանը վստահելու խնդիրը:
Նրա խոսքերով` քաղաքական, գաղափաևախոսական հարաբերություններին նվիրված հարցերի երրորդ բլոկը ևս ցույց է տվել, որ պետք է սովորել լսել ու հասկանալ միմյանց:
«Քննարկելով հարաբերություններում առկա սուր խնդիրները` մենք պետք է լսենք: Լսել ու իմանալ նշանակում է հասկանալ, հասկանալ նշանակում է ընդունել»,- նշել է գլխավոր խմբագիրը:
Միրոնյուկը հայտնել է, որ գործակալությունը ուրախ կլինի, եթե հաջորդ ֆորումն անցնի հետխորհրդային տարածքի մեկ այլ քաղաքում: «Մենք պատրաստ ենք դրա համար ցուցաբերել ողջ անհրաժեշտ օգնությունը»,- եզրափակել է նա:
Ֆորումին մասնակցելու նպատակով Մոսկվայում են հավաքվել Եվրոպայի և Ասիայի 14 երկրների ներկայացուցիչներ, հետխորհրդային տարածքի երկրների ԶԼՄ-ների 140 ղեկավարներ: -0-