Հակերները տասը րոպեի ընթացքում ոչնչացրել են «Մոսկովսկի կոմսոմոլեցի» կայքը

04.12.2009, 10:26
Հակերները տասը րոպեի ընթացքում ոչնչացրել են «Մոսկովսկի կոմսոմոլեցի» կայքը
Հակերները տասը րոպեի ընթացքում ոչնչացրել են «Մոսկովսկի կոմսոմոլեցի» կայքը

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» mk.ru կայքը ենթարկվել է հակերական գրոհի, ինչի հետևանքով ոչնչացվել է կայքի ողջ պարունակությունը, այդ թվում նաև խմբագրական դիմերեսը (interface) և կայքի բոլոր  արխիվները, ուրբաթ գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով «ՄԿ»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևին:

Նրա խոսքերով՝ գրոհը սկսվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը, և հակերներին պահանջվել է տասը րոպե ողջ կայքը ոչնչացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երբ մեր աշխատակիցները հասկացան, թե ինչ է տեղի ունենում, անջատեցին ողջ համակարգը, սակայն արդեն ուշ էր: Մենք, իհարկե, ունեինք անվտանգության համակարգեր, սակայն հակերներին հաջողվեց վերացնել նաև դրանք», - ասում է գլխավոր խմբագիրը:

Գուսևը հակերական գրոհի կասկածյալներ չունի, դեռ միայն հաջողվել է բացահայտել, որ գրոհն իրականացվել է Կորեայում գտնվող սերվերներից: «Գործել է որևէ հակերական կազմակերպություն կամ նույնիսկ հատուկ ծառայություններ», - կարծում է Պավել Գուսևը: Գլխավոր խմբագիրը ձեռնպահ է մնում թերթին հասցված վնասը գնահատելուց, սակայն ասում է, որ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» «շատ լուրջ վնասներ է կրել»:

Այժմ խմբագրության մասնագետները վերականգնում են կայքի աշխատանքը, իսկ mk.ru կայքում դեռևս նյութերով բլոգ է տեղադրված:-0-