ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է արդյունավետ և հագեցած. Տիմոշենկո
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է արդյունավետ և հագեցած, Յալթայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստի բացման ժամանակ ասաց Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Տիմոշենկոն նշել է, որ նեղ նիստի ժամանակ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հակազդելու հետ կապված բոլոր ասպեկտները:
«Տեղի է ունեցել փորձի արդյունավետ փոխանակում, ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ներկայացրել են ճգնաժամը հաղթահարելու սեփական փորձն ու արդյունքները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր փորձ է քաղել ճգնաժամից»,- ասել է ուկրաինական վարչապետը:
Նա ընդգծել է նաև համագործակցության պայմանագրի կարևորությունը, որ ծրագրվում է ստորագրել էներգետիկայի ոլորտում:
«Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը չափազանց արդիական է, այսօրվա խորհրդակցությունը շատ հարցերի պատասխաններ կտա»,- ասել է Տիմոշենկոն:
Նրա խոսքով, նիստի ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ-երկրների միջև միջազգային տրանսպորտային միջանցքների դրությանը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի շրջանակներում քննարկվում է ԱՊՀ երկրների տնտեսական և հումանիտար, միգրացիոն քաղաքականության և անվտանգության ապահովման ոլորտներում համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող ավելի քան 20 նախագիծ:
Կառավարությունների ղեկավարները քննարկում են նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման համատեղ միջոցները, ԱՊՀ կազմակերպությունների բյուջեն 2010 թ.-ի համար և մի քանի այլ հարցեր նախաձեռնողական կարգով:
Ստորագրման համար նախատեսված փաստաթղթերի թվում են միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման մասին ու նորարարական ոլորտում համաձայնագրերը, ինչպես նաև որոշումը՝ հարկային հետաքննությունների մարմինների առնչությամբ: -0-