Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Կարասինի նշանակման վերաբերյալ տեղեկությունները ՌԴ ԱԳՆ-ում չեն հաստատել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում առաջիկա նշանակման վերաբերյալ տեղեկությունները Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն հաստատել։
«Որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը Կարասինի նշնակման մասին չի համապատասխանում իրականությանը»,- ուրբաթ ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Լյակին-Ֆրոլովը։
Մասնավորապես, ինչպես ասվել է, Կարասինը պետք է փոխարինի այդ պաշտոնում հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Մերզլյակովին։ «Մերզլյակովը շարունակում է կատարել համանախագահի գործառույթները, իսկ Կարասինն իր իրավասությունների շրջանակներում, ինչպես և նախկինում, վերահսկում է տվալ ուղղությունը»,- ասել է Լյակին-Ֆրոլովը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Ռուսաստանից բացի, խմբի համանախագահների կազմում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ -0-