Համշենահայերի հերթական տոնը կնշվի Կուբանում

05.08.2009, 15:24
Համշենահայերի հերթական տոնը կնշվի Կուբանում

Սև ծովի ափին բնակվող հայերի մշակույթին նվիրված ավանդական տոն-փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է մարզային «Համշեն» հայկական մշակութային-լուսավորչական միությունը (միության նախագահն է Օլգա Փաշյանը), կանցկացվի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում օգոստոսի 28-29-ը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, այս տարի տոնակատարությունը նվիրված է «Համշեն» միության 15-ամյակին և Տուապսեի շրջանի Գոյթղ գյուղի 145-ամյակին: Այս կապակցությամբ տոնական միջոցառումները կանցկացվեն օգոստոսի 28-ին Տուապսե քաղաքում և օգոստոսի 29-ին՝ Գոյթղ գյուղում:

Տոնակատարության շրջանակներում ելույթ կունենան հայկական ազգագրական համույթներ, անհատ կատարողներ և այլ ստեղծագործական համույթներ: Ըստ ավանդույթի՝ տոնակատարության ժամանակ կներկայացվի հայկական ազգային խոհանոցը, կիրառական գեղարվեստի վարպետների աշխատանքները, ինչպես նաև Սև ծովի ափին բնակվող հայերի կենցաղին հատուկ իրեր:

Օգոստոսի 28-ին «Համշեն» հայկական գիտական տեղեկատվական-մշակութային կենտրոնի (կենտրոնի նախագահն է Արտավազդ Թուլումջյանը) կողմից Տուսապսեում կկազմակերպվի համշենահայերի խնդիրներով զբաղվող մասնագետների և հասարակական գործիչների կլոր սեղան:

Համշենահայերը Կրասնոդարի երկրամասի ափամերձ շրջանների և Կուբանի ու Ադիգեայի մի շարք շրջանների հայկական բնակչության մեծամասնությունն են կազմում։ Նրանք ծագումով Արևմտյան Հայաստանում գտնվող Համշեն շրջանից են (այժմ գտնվում է Թուրքիայիում տարածքում), որոնք տեղափոխվել են Կուբան XIX դարի կեսերին և XX դարի սկզբներին՝ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։

Փորձագետների տվյալներով, Կուբանում, Ադիգեյայում և Աբխազիայում բնակվում է շուրջ 250 հազար համշենահայ, համշենահայերի ոչ մեծ համայնք էլ Երևանում կա։ Ժամանակակից Թուրքիայի տարածքում, ավանդական բնակության սահմաններում, տարբեր աղբյուրների տվյալներով, բնակվում է  700 հազարից մինչև մեկուկես-երկու միլիոն իսլամացված համշենահայ։--0--