ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներն Աստանայում կքննարկեն համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում

20.05.2009, 10:35
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներն Աստանայում կքննարկեն համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներն Աստանայում կքննարկեն համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում

Աստանայում ուրբաթ կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ծրագրվում է քննարկել տնտեսության, հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց։ Նախատեսվում է քննարկել և, հուսով եմ, ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր տնտեսության, հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտներում», - երեքշաբթի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեբեդևը։

Նրա խոսքերով՝ Աստանայում ծրագրվում է, մասնավորապես, ստորագրել Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։ Այս փուլը նախատեսված է 2009-2010 թթ.-ի համար, իսկ Ռազմավարությունը՝ մինչև 2020 թվականը, հիշեցրել է Լեբեդևը։

«Ծրագիրը նախատեսում է համագործակցության ամրապնդմանն ուղղված ԱՊՀ երկրների կոնկրետ քայլեր։ Ծրագրով նախատեսված միջոցառումները կօգնեն նվազեցնել համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքները», - պարզաբանել է քարտուղարը։

Լեբեդևը տեղեկացրել է, որ ծրագրվում է նաև ստորարգել ԱՊՀ երկրների միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։

Ղազախստանի մայրաքաղաքում ծրագրվում է նաև ստորագրել երկու տարվա համար նախատեսված հումանիտար համագործակցության ոլորտում հեռանկարային միջոցառումների ծրագիրը։ Վերջինս պարունակում է կրթական, մշակութային և մարզական միջոցառումներ, ասել է Լեբեդևը։

«Ծրագիրը կօգնի պահպանել ԱՊՀ տարածքի ընդհանրությունը և ներգրավել երիտասարդներին այդ միջոցառումների մեջ», - ավելացրել է նա։

Բացի այդ, Աստանայում կայանալիք նիստի ժամանակ կքննարկվի Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 65-ամյակի համատեղ տոնակատարությունների մասին հարցը։

Աստանա մտադիր են ժամանել ԱՊՀ 11 երկրների պատվիրակություններ։ Վրաստանը չի մասնակցի նիստին, ասել է Լեբեդևը։-0-