ՌԴ և Թուրքիան կողմ են Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորմանը. հռչակագիր

13.02.2009, 17:13
ՌԴ և Թուրքիան կողմ են Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորմանը. հռչակագիր

Ռուսաստանն ու Թուրքիան անհրաժեշտ են համարում Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ընդունակ սառեցված հակամարտությունների կարգավորման արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ասվում է Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում  ընդունված հռաչակագրում։

«Գիտակցելով, որ Եվրասիական տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են Հարավային Կովկասի կայունության հետ, կողմերը համաձայն են Հարավային Կովկասի ապակայունացման պոտենցիալ տարր հանդիսացող սառեցված հակամարտությունների կարգավորման արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ»,- ասվում է հռչակագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ համատեքստում կողմերը կառուցողական և արդեն գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները լրացնող նախաձեռնություն են համարում Թուրքիայի՝ Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը կնպաստի սառեցված հակամարտություններում ներգրավված երկրների միջև առկա անվստահության վերացմանը»,- նշվում է փաստաթղթում։

Խոսելով Սևծովյան տարածաշրջանում համագործակցության մասին՝ Ռուսաստանն ու Թուրքիան նաև կողմ են հանդես գալիս Սևծովյան տարածաշրջանի երկրների պաշտպանության նախարարների կամ Գլխավոր շտաբների պետերի մշտական հանդիպումների անցկացմանը։ -0-