Պուտինը ռուսների համար շարունակում է երկրի գլխավոր քաղաքական գործիչը մնալ. հարցում

23.12.2008, 16:19
Պուտինը ռուսների համար շարունակում է երկրի գլխավոր քաղաքական գործիչը մնալ. հարցում

Վլադիմիր Պուտինը, նախագահական աթոռը փոխելով վարչապետի աթոռով, ռուսների կարծիքով շարունակում է ամենամեծ մասսայականություն վայելող քաղաքական գործիչը մնալ, ինչի մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման տվյալները։  

Հարցման համաձայն, 2008 թ.-ի գլխավոր քաղաքական գործիչ Պուտինին համարում է ռուսների 60 տոկոսը (2007 թ.-ի 69 տոկոսի համեմատ)։ Ամեն չորրորդ պատասխանողը (24 տոկոսը) տվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունը։

Պետության գլխավոր անձանցից բավականին ետ մնալով՝ առաջատարների հնգյակում ընդգրկվել են ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (4 տոկոս), ՌԴԿԿ նախագահ Գենադի Զյուգանովը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը (2-ական տոկոս)։   

Այն դեպքում, երբ ռուսները հիմնականում դժվարանում են անվանել իրենց սիրելի հայրենակցին (36 տոկոս), Պուտինն այս վարկանշային աղյուսակում ևս առաջատարի դերում է։ Չնայած ռուսական վարչապետի անունը տված հարցվածների փոքր թվին (5 տոկոս), Պուտինը ժողովրդական սերը վայելելու մակարդակով գերազանցել է Ալլա Պուգաչևային (4 տոկոս), ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին և դերասան Կոնստանտին Խաբենսկուն (3-ական տոկոս)։   

Երկրի բնակչության կեսի համար (48 տոկոս) 2008 թ.-ի գլխավոր ներռուսական իրադարձությունը հենց նախագահի ու կառավարության փոփոխությունն է եղել։ Բացի այդ, անցնող տարին ռուսների համար նշանավորվել է Հարավային Օսեթիայի զինված հակամարտությամբ (23 տոկոս)։ 

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ռուսների համար տարվա գլխավոր միջազգային իրադարձությունն էր։ Պատասխանողների 35 տոկոսն այն համարել է 2008 թ.-ի ամենանշանակալից ցուցաձողը, 50 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական կյանքի գլխավոր իրադարձությունը։                  

Բացի այդ, մոլորակի մշակութային և մարզական կյանքը ռուսների շրջանում հիշվել է «Եվրատեսիլ» մրցույթում Դիմա Բիլանի հաղթանակով և Պեկինի Օլիմպիական խաղերով։ 

ՀԿՈՒՀԿ հարցումն անցկացվել է 2008 թ.-ի դեկտեմբերի 13-14-ին։ Հարցման է ենթարկվել Ռուսաստանի 42 շրջանների, երկրամասերի և հանրապետությունների 140 բնակավայրերի 1600 բնակիչ։ --0--