Էլդար Ռյազանովն ու Գարիկ Սուկաչովն ընդդեմ ազգային երկպառակտության

23.12.2008, 13:46
Էլդար Ռյազանովն ու Գարիկ Սուկաչովն ընդդեմ ազգային երկպառակտության

Լայնամասշտաբ սոցիալական «Ռուսաստանը ՄԵՆՔ ենք» նախագիծը, որը բաղկացած է ռասիզմի և ծայրահեղականության դեմ արտահայտվող հայտնի, հեղինակավոր մարդկանց ելույթներից, մեկնարկում է ռուսական հեռուստատեսությունում Նոր Տարվա նախաշեմին։ Նախագծի բովանդակության մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ծրագիրը նկարահանած «ԿոմԻնտեր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Օլեգ Բերդյուգինը։

«Նախագծի շրջանակներում Նոր Տարվա շեմին Ռուսաստանի մի քանի դաշնային և տասնյակ ռեգիոնալ ալիքների հեռոստադիտողները կտեսնեն սյուժեներ, որոնցում հարգված մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում «ազգային հարցի» շուրջ, պատմում են այլ ազգության և կրոնի մարդկանց նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին», - տեղեկացրել է Բերդյուգինը։

Այսպես, նախագծին մասնակցած կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը կարծում է, որ «այդ գործունեությունը չափազանց կարևոր է մի հասարակությունում, որտեղ քսենոֆոբիան, ցավոք, մեծ թափ է առնում»:

«Պետք է սկսել ընտանիքից, քանի որ մարդը, երբ ծնվում է, կարծում է, որ բոլորը լավն են։ Սակայն եթե երեխան ապրում է մի ընտանիքում, որտեղ հայրը ռասիստ է, նա, կամա թե ակամա, ևս դառնում է ռասիստ՝ նույնիսկ չկասկածելով, որ կարելի է այլ կերպ մտածել», - նյութից մեջբերել է Բերդյուգինը Ռյազանովի խոսքերը։

Նա նաև պատմել է, որ նախագծի մեկ այլ մասնակից՝ երաժիշտ, «Նեպրիկասայեմիե» խմբի ղեկավար Գարիկ Սուկաչովը հեռուստադիտողներին պատմել է իր հիշողությունները. «Ես վերջերս խոսում էի նախկին սքինհեդի հետ։ Անցել է տասը տարի։ Այժմ նա միանգամայն այլ մարդ է։ Նա հասակ է առել, հանդիպել այլ մարդկանց, նրան հաջողվել է դուրս պրծնել։ Քանի որ թշնամանքի համար իրական պատճառաբանություններ չկան»։

«Մտահաղացումն այն է, որպեսզի մարդիկ դադարեն ամաչել իրենց ազգությունից՝ գիտակցելով, որ եզակի և ինքնատիպ մշակույթի կրողներն են։ Իսկ մյուս կողմից՝ որպեսզի ազգություն հասկացությունն ինքնին դադարի լինել համեմատական կատեգորիա, որևէ մեկի ինքնահաստատման օբյեկտ», - կարծում է Բերդյուգինը։

Հոլովակների ստեղծողների խնդիրն էր փորձել վերացնել ռուսական հասարակությունում գոյություն ունեցող ծայրահեղական տրամադրությունները և հաշտեցման արշավ սկսել։-0-