Լեհ և ուկրաինացի մասնագետները վերականգնել են Լվովի հայկական եկեղեցու որմնանկարչության հատվածները

25.11.2008, 13:40
Լեհ և ուկրաինացի մասնագետները վերականգնել են Լվովի հայկական եկեղեցու որմնանկարչության հատվածները

Ուկրաինացի և լեհ ռեստավրատորներն ավարտել են Լվովի Հայկական եկեղեցու հարավային պատի որմնանկարի հատվածի վերականգնման համատեղ աշխատանքը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը։

Եկեղեցում ջերմաստիճանի և խոնավության ռեժիմների փոփոխության և պատի արտաքինից թրջվելու հետևանքով մեկուկես տարի առաջ որմնանկարչության հատվածները սկսել էին վնասվել։ Այն ժամանակ պատմական հուշարձանը վերջնականապես չկորցնելու նպատակով մասնագետները հատվածը ժամանակավորապես ամրացրել էին։ Այս տարի Լեհաստանի մշակույթի նախարարության ազգային ժառանգության պահպանման դեպարտամենտը հատկացրել էր անհրաժեշտ միջոցներ, և չորս ուկրաինացի և չորս լեհ մասնագետներից բաղկացած թիմը՝ Վարշավայի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Յանա Չերնյախովսկայայի գլխավորությամբ, Լվովի քաղաքային խորհրդի և հայկական համայնքի աջակցությամբ, իրականացրեց տեսարժան վայրի ռեստավրացիան և լվովցիներին ներկայացրեց վերականգնված տարբերակը։

Հայկական եկեղեցու որմնանկարների հեղինակը Յան Հենրիկ Ռոզենն է, ով քիչ է հայտնի Լվովում, քանի որ քաղաքում նա միայն 2 շինություն է հեղինակել, որոնց ստեղծումից հետո տեղափոխվել է ԱՄՆ և այլևս չի աշխատել Եվրոպայում։ Հայկական եկեղեցու՝ Յան Հենրիկի կողմից ստեղծված որմնանկարը դեռևս անցյալ դարի 20-ական թթ.-ին բավականին վնասվել էր ժամանակի և վատ պայմանների ազդեցության հետևանքով, այդ պատճառով այն անհապաղ փրկելու անհրաժեշտություն կար։ Սակայն վերականգնման համար միջոցներ չկային։ Այդ պատճառով Լեհաստանի մշակույթի նախարարությունը շուրջ 140 հազ. զլոտ հատկացրեց այս տեսարժան վայրը վերականգնելու նպատակով։-0-