Կործանիչ Սու-35-ը սերիական արտադրության կհանվի նվազագույնը մինչև 2020 թ. Պողոսյան

14.07.2008, 15:54
Կործանիչ Սու-35-ը սերիական արտադրության կհանվի նվազագույնը մինչև 2020 թ. Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական նոր 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ Սու-35 կործանիչը սերիական արտադրության կհանվի նվազագույնը մինչև 2020 թ.-ը, կարծում է «Սուխոյ» ինքնաթիռի նախագծող ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը։

«Կարծում եմ, որ Սու-35-ը սերիական արտադրության կհանվի նվազագույնը մինչև 2020 թ.-ը՝ որոշակի փուլում՝ հինգերորդ սերնդի ինքնաթիռի հետ զուգահեռ։ Մեր հաշվարկներով, շուկան կպահանջի 200-ից  ոչ պակաս Սու-35 ինքնաթիռ։ Դա բավական կլինի՝ ծախսերը փոխհատուցելու համար», - ասել է Պողոսյանը երկուշաբթի լույս տեսած «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում։

«Տեխնիկական լուծումների ողջ շարքը, որը մենք կիրառում ենք հինգերորդ սերնդի կործանիչի պատրաստման ժամանակ, արդեն իրագործված են այդ նախագծի (Սու-35) շրջանակներում։ Օրինակ, Սու-35-ի խցիկը զգալիորեն նույնացված է հինգերորդ սերնդի ինքնաթիռի խցիկի հետ։ Այս ամենը թույլ կտա Սու-35 ինքնաթիռը շահագործելու փորձ ունեցող օդաչուներին հետագայում հեշտությամբ անցնել նոր մեքենային», - նշել է «Սուխոյի» գլխավոր տնօրենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բորտի սարքավորումների համալիրով Սու-35 կործանիչը տարբերվում է Սու-27-ից՝ ինչպես երկինքը երկրից։ Այդ պատճառով հինգերորդ սերնդի ինքնաթիռների համար գտնված հաջող տեխնիկական լուծումները մենք պետք է ներդնենք չորրորդ սերնդի ինքնաթիռների արդիականացման գործում։ Նման կերպով պատրաստվում է արդյունաբերական բազան, ընթանում է պատվիրատուի ուսուցումը», - ասել է Պողոսյանը։

«Սու-35-ն այնպիսի անցումային ապրանք է, որն իր մեջ է ներառել Սու-30 և Սու-27 ինքնաթիռների ստեղծման ժամանակ մեր կուտակած ողջ փորձն ու գիտելիքները, նոր գաղափարները, որոնք մենք ներդրել ենք հինգերորդ սերնդի ինքնաթիռի մեջ։ Այդ պատճառով կարծում ենք, որ այն շուկա կունենա», - ավելացրել է նա։-0-