Վրաստանն անօրինական է համարում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ծովային հաղորդակցության հաստատումը

25.06.2008, 13:49
Վրաստանն անօրինական է համարում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ծովային հաղորդակցության հաստատումը

Ռուսաստանի և չճանաչված Աբխազիայի միջև ծովային կանոնավոր հաղորդակցություն հաստատվելու դեպքում Վրաստանը կդիմի միջազգային կազմակերպություններին, լրագրողներին ասաց Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության միասնական տրանսպորտային վարչության ղեկավար Իրակլի Տակտակիշվիլին։

«Վրաստանի աբխազական շրջանի բոլոր նավահանգիստները 1990 թվականի սկզբի ռազմական իրադարձություններից հետո փակ են հայտարարված։ Այդ որոշումը թույլ չի տալիս որևէ երկրի այնտեղ նավարկել։ Եթե այդ համաձայնությունը խախտվի և կանոնավոր ծովային երթուղի հաստատվի, այդ ժամանակ մենք կդիմենք միջազգային ծովային կազմակերպություններին, որոնք պարտավոր են հսկողությունը խստացնել  այն երկրների հանդեպ, որոնց նավերը կիրականացնեն նման անօրինական երթեր»,- ասել է Տակտակիշվիլին։

Նրա խոսքերով, միջազգային ծովային կազմակերպությունները պարտավոր կլինեն պատժամիջոցներ կիրառել Աբխազիայում մտցված սահմանափակումները խախտող երկրների նավերի հանդեպ, եթե դրանք հայտնվեն աշխարհի ուրիշ երկրների նավահանգիստներում։

Պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցչի հայտարարությունը հետևել է ռուսական մի շարք ԶԼՄ-ների այն հայտարարություններին, թե հուլիսի 1-ից հաստատվելու է Սոչի-Գագրա ռուսական մարդատար նավերի կանոնավոր երթուղի։-0-