ԱՊՀ հատուկ ծառայությունների խորհրդի ղեկավար է միաձայն ընտրվել ՌԴ ԱԴԾ տնօրենը
ԱՊՀ մասնակից-երկրների հատուկ ծառայությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի մասնակիցները հինգշաբթի Բիշկեկում անցկացվող կազմակերպության նիստի ժամանակ միաձայն իրենց նոր ղեկավար են ընտրել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Խորհրդի նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշևն ընտրվել է այդ կազմակերպության պատվավոր քարտուղար։
«Այսօր անցկացվող խորհրդի 24-րդ նիստի ժամանակ մենք պետք է քննարկենք ահաբեկչության դեմ պայքարին և անդրազգային հանցագործության դիմակայությանը, հանցավոր եկամուտների լվացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր», - հայտարարել է Բորտնիկովն ընտրվելուց հետո։
Նա խոստացել է, որ օրակարգի բոլոր հարցերը կքննարկվեն շատ մանրամասն։ Ղրղստանի նախագահի պետական նստավայրում անցկացվող նիստի աշխատանքին մասնակցում են ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների անվտանգության բոլոր մարմինների ղեկավարները, բացառությամբ Վրաստանի։
Դիտորդի կարգավիճակում հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ներկայացուցիչները։-0-