Մոսկվայում Բորիս Ելցինի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանի վրա հուշարձան կբացվի

23.04.2008, 11:08
Մոսկվայում Բորիս Ելցինի մահվան տարելիցի կապակցությամբ  գերեզմանի վրա հուշարձան կբացվի
Մոսկվայում Բորիս Ելցինի մահվան տարելիցի կապակցությամբ  գերեզմանի վրա հուշարձան կբացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան առաջին տարելիցին Մոսկվայում՝ Նովոդեվիչիեի գերեզմանատանը տեղի կունենա քաղաքական գործչի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Շեվչենկոն։

Նա տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ Երկրորդը կմատուցի հոգեհանգստի արարողություն։ Այնուհետև տեղի կունենա հուշարձանի բացումը, Նախագահական գնդի պատվո պահակի վաշտի հանդիսավոր անցումը, կդրվեն ծաղիկներ։

«Արարողությանը ներկա կլինեն Բորիս Նիկոլաևիչի ընտանիքը՝ ամբողջական կազմով, այդ թվում նաև նրա այրին՝ Նաինա Իոսիֆովնան, դուստրերը, թոռները», - ասել է Շեվչենկոն։ Նրա խոսքերով, հրավիրված են նաև Ելցինի հետ աշխատող մարդիկ։

ՌԴ առաջին նախագահի հուշարձանը, նրա ընտանիքի ընտրութամբ, քանդակել է հայտնի քանդակագործ, բազմաթիվ հուշարձանների հեղինակ Գեորգի Ֆրանգուլյանը, որը քանդակել է նաև Անտվերպենում Պետրոս Առաջինի, Բրյուսելում Պուշկինի, Բալթիյսկում Ելիզավետա Պետրովնայի, Արբատի վրա Բուլատ Օկուջավայի, Բրյուսովի նրբանցքում Արամ Խաչատրյանի հուշարձանները, ինչպես նաև «Խաչելություն» քանդակը Ռավեննայում Սուրբ Ֆրանցիսկի տաճարի համար։ Քանդակագործի վերջին նախագծերից մեկը «Դանտեի նավակ» (բրոնզ, 2007 թ.) քանդակն է, որը տեղադրվել է ջրի վրա՝ Վենետիկից ոչ հեռու։-0-