ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրացական ընդդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին կոչ է անում վերահաշվարկել երկրի նախագահի ընտրություններին տրված ձայները, և միայն այդ դեպքում նա կընդունի քվեարկության արդյունքները, չորեքշաբթի հայտարարեցին Միավորված ընդդիմության ներկայացուցիչները։
Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, Սահակաշվիլին հաղթել է նախագահական ընտրություններում։
«Եթե Միխայիլ Սահակաշվիլին իրոք ցանակնում է քայլ առաջ անել դեպի իր ժողովուրդը և ընդդիմությունը, առաջինը, ինչի շուրջ մենք պետք է համաձայնության գանք, դա համատեղ, հավասար հիմունքներով վերահաշվարկենք ձայները և հրապարակենք ընտրությունների իրական արդյունքները»,- հայտարարել է Միավորված ընդդիմության ներկայացուցիչ, Պահպանողական խմբակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կախա Կուկավան, որի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիան»։
Այս դեպքում, ընդգծել է նա, ընդդիմոթւյունը պատրաստ է ընդունել ընտրությունների օրինականությունը, անկախ այն բանից, թե ով կլինի հաղթողը և ով՝ պարտվողը։ Այս կապակցությամբ համագործակցության մասին իր պատրաստակամությունը հայտնել է նաև Մանանա Նաչկեբիան՝ նախագահի թեկնածուներից մեկի՝ Դավիթ Գամկրելիձեի ընտրական շտաբի ներկայացուցիչը։
«Մեր քաղաքական թիմը պատրաստ է ցանկացած տիպի համագործակցության, եթե Միխայիլ Սահակաշվիլին ընդունի, որ հաղթել է արժանի պայքարում և կարողանա ապացուցել, որ ինքն իսկապես երկրի արժանի նախագահն է»,- հայտարարել է Նաչկեբիան։--0—