ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է անում հետաքննել Վրաստանի ընտրությունների խախտումները

09.01.2008, 12:54
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է անում հետաքննել Վրաստանի ընտրությունների խախտումները

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան կարծում է, որ Վրաստանի նախագահական ընտրությունները ժողովրդավարական են եղել՝ չնայած որոշ խախտումների։

 «Մենք կարծում ենք, որ ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափորոշիչներին համապատասխան։ Դա հաստատել է ԵԽ-ն և ԵԱՀԿ-ն։ Մենք համաձայն ենք Եվրամիության և միջազգային դիտորդների առաքելության հետ, որ  Վրաստանի պատմության մեջ կայացել  են իրական մրցակցային նախագահական ընտրություններ։ Սա շատ նշանակալի հայտարարություն է, չնայած որ կան որոշ խախտումներ, որոնք պետք է ուղղվեն և հետաքննվեն», - հայտարարել է Բրայզան, որի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Միաժամանակ, պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները «պետք է անցկացվեն ավելի արդար», քան նախագահական ընտրությունները։

Բրայզայի հայտարարությունը ցուցադրվել է «Մզե» վրացական հեռուստաընկերության եթերում։

Վերջին տվյալների համաձայն՝ Միխայիլ Սահակաշվիլին հաղթանակ է տանում հունվարի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Նա հավաքում է 52,21 տոկոս, միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն՝ 25,26 տոկոս, գործարար Բադրի Պատարկացիշվիլին՝ 6,99 տոկոս։-0-