Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում Վրաստանի ընտրությունների արդյունքները՝ սպասելով վերջնական արդյունքներին

07.01.2008, 16:56
Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում Վրաստանի ընտրությունների արդյունքները՝ սպասելով վերջնական արդյունքներին

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում Վրաստանի ընտրությունների արդյունքները՝ սպասելով քվեարկության վերջնական արդյունքներին, երկուշաբթի հայտնեց Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչ Կրիստիանա Հոմանը։

«Մենք դեռևս նախնական տվյալներ ունենք, պետք է փոքր-ինչ սպասել»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Հոմանը միաժամանակ մատնանշել է այն փաստը, որ ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն իր նախնական եզրակացության մեջ ընդհանուր առմամբ Վրաստանի ընտրությունների ժողովրդավարական բնույթը ճանաչելու հետ մեկտեղ նշել է մի շարք խախտումների առկայությունը, որոնք, Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով, վրացական իշխանությունները պետք է հետաքննեն։

Եվրահանձնաժողովն իր կողմից պատրաստ է Վրաստանին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ եվրոպական հարևանության քաղաքականության բարեփոխումների ճանապարհին, նշել է Հոմանը։

Վրաստանի ԿԸՀ վերջին տվյալներով, ձայների շուրջ 70%-ի հաշվումների արդյունքում Միխայիլ Սահակաշվիլին նախագահական ընտրություններում հավաքում է 51,19%  և, այդպիսով, հաղթում է արդեն առաջին փուլում։ Նրա հիմնական մրցակիցը, միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն հավաքում է 25,53% ։--0--