Նախնական տվյալներով՝ Սահակաշվիլին հավաքում է 52 տոկոս և հաղթանակ է տանում ընտրությունների առաջին փուլում

07.01.2008, 14:02
Նախնական տվյալներով՝ Սահակաշվիլին հավաքում է 52 տոկոս և հաղթանակ է տանում ընտրությունների առաջին փուլում
Նախնական տվյալներով՝ Սահակաշվիլին հավաքում է 52 տոկոս և հաղթանակ է տանում ընտրությունների առաջին փուլում

Նախնական տվյալների համաձայն՝ Միխայիլ Սահակաշվիլին արդեն հաղթանակ է տանում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հաղթահարելով 50 գումարած 1 տոկոսանոց շեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վրաստանի ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել է ընտրատարածքների կեսից ավելինի՝ 3512-ից 1836-ի ձայների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս տվյալների համաձայն՝ Սահակաշվիլին ստացել է ընտրողների ձայների 51,75 տոկոսը (584815 ձայն), միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն այս պահի դրությամբ ունի 24,99 տոկոս (282454 ձայն)։

Նրան է հետևում Արկադի Պատարկացիշվիլին՝ 6,82 տոկոսով (77046 ձայն), այնուհետև Շալվա Նատելաշվիլին՝ 6,62 տոկոսով (74774 ձայն)։ Մնացած թեկնածուները 4 տոկոսից քիչ են հավաքում։

Ձայների հաշվարկը շարունակվում է. դեռևս հայտնի չեն արտասահմանում և լրացուցիչ ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։

Վրաստանի նախագահական ընտրություններին հաղթում է ընտրողների 50 տոկոս գումարած 1 ձայն հավաքած թեկնածուն։

Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է անցկացվի առաջին փուլից երկու շաբաթ անց։

Երկրորդ փուլում քվեարկությունն անց է կացվում առաջին փուլում ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուների միջև։ Հաղթում է այն թեկնածուն, որը ստացել է ընտրողների ընդհանուր թվի ձայների մեկ հինգերորդ մասից ոչ պակաս։

Ընդդիմությունը կարծում է, որ ԿԸՀ-ն ուշացումով է հայտնում ընտրությունների տվյալներն այն պատճառով, որ հաղթանակ է տանում ընդդիմության թեկնածուն։

Գաչեչիլաձեն ձայների հաշվարկի հետ կապված ուշացումը բացատրում է նրանով, որ ԿԸՀ-ում հատուկ ընտրվում են այն քվեաթերթիկները, որոնցում նշված է Սահակաշվիլու անունը։ Այս ամենը վերաբերվում է նաև Թբիլիսիի քվեաթերթիկներին։ Դրանք հիմնականում փակ ընտրատարածքների քվեաթերթիկներն են, որտեղ քվեարկել են զինվորականները, ոստիկանությունը և ուժային այլ կառույցների ներկայացուցիչները, ասել է նա։

Ընդդիմության տեղեկատվության համաձայն՝ Գաչեչիլաձեն մարզերում հավաքել է ընդհանուր առմամբ 34 տոկոս, Սահակաշվիլին՝ 44 տոկոս, սակայն Թբիլիսիիում ընդդիմությունը հաղթում է մեծ առավելությամբ։

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սահակաշվիլին արդեն հրավիրում է այլ պետությունների ղեկավարներին իր երդման արարողությանը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Լեհաստանի նախագահի մամուլի գրասենյակից, հեռախոսային զրույցի ժամանակ Սահակաշվիլին տեղեկացրել է Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկուն ընտրությունների նախնական արդյունքների մասին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

«Սահակաշվիլին Լեհ Կաչինսկուն հրավիրել է Վրաստան՝ նախագահի երդման արարողությանը մասնակցելու համար, եթե նախնական արդյունքները հաստատեն նախագահական ընտրություններում նրա հաղթանակը։ Երդման արարողությունը պետք է տեղի ունենա այս տարվա հունվարի երկրորդ կեսին», - տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստիին» մամուլի գրասենյակից։

Ազգային շարժման մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հաղթանակ տանելու կապակցությամբ Սահակաշվիլուն արդեն շնորհավորել են Էստոնիայի նախագահը, Ղազախստանի նախագահն ու վարչապետը։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է

Ընդդիմությունը վաղաժամ է համարում Սահակաշվիլու հաղթանակը։

Միասնական ընդդիմության կողմից Վրաստանի նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Վրաստանի ողջ տարածքում իր տարած հաղթանակի մասին, իսկ երկրի իշխանություններին մեղադրել է այդ տվյալները խեղաթյուրելու փորձի մեջ։

 Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել ոչ ժողովրդավարական միջավայրում, իսկ վերջնական արձանագրությունները փոփոխության են ենթարկել Սահակաշվիլու շտաբերում, համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ընդդիմադիր չորս կուսակցությունների կողմից Վրաստանի ԿԸՀ-ի անդամները։

«Ընտրատարածքները փակելուց հետո՝ վերջնական արձանագրությունները շրջանային հանձնաժողովների փոխարեն տանում էին  Միխայիլ Սահակաշվիլու շտաբեր, որտեղ դրանք ուսումնասիրվում էին, ուղղման ենթարկվում, իսկ այնուհետև փոխանցվում էին շրջանային հանձնաժողովներ։

Նման գործողությունները հիմք են տալիս մտածելու, որ ընտրություններն անց են կացվել ոչ ժողովրդավարական մթնոլորտում և գոյություն ունի այն վտանգը, թե ընտրությունները լեգիտիմ չէին», - հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունից ԿԸՀ-ի անդամ Գեորգի Մտվարելիձեն։

«Սվոբոդա» քաղաքական շարժման կողմից ԿԸՀ-ի անդամ Դավիդ Բարդավելիձեի կարծիքով, վերջնական արձանագրությունները մուտք են գործում ԿԸՀ «անհասկանալի ձևով և մեխանիզմով»։

«Մենք դեռևս չենք տեսել ընտրական տեղամասերի հանձնաժողովների վերջնական արձանագրությունները, չնայած որ անցած գիշերվանից խնդրում ենք դրանք ներկայացնել մեզ։ Շատ տարօրինակ է, որ ԿԸՀ ստացվել են Թբիլիսիից հեռու գտնվող Մարնեուլի շրջանի գրեթե բոլոր ընտրական տեղամասերի հանձնաժողովների տվյալները, այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն չունի մայրաքաղաքում գտնվող ընտրատեղամասերի հանձնաժողովների բոլոր տվյալները», - հայտարարել է Բարդավելիձեն։

Հանրապետական կուսակցության կողմից ԿԸՀ-ի անդամ Զուրաբ Մարակվելիձեի կարծիքով, դեռևս վաղ է ամփոփել ընտրությունների մոնիտորինգի արդյունքները։

Պահպանողական կուսակցությունից ԿԸՀ-ի անդամ Նինո Գոգուաձեն ասել է, որ միջազգային դիտորդների գնահատականները շատ կարևոր են և խորհուրդ է տվել նրանց մեծ ուշադրություն դարձնել ընտրական վարչակազմեր ներկայացված բողոքներին։

Թբիլիսիի կենտրոնում կեսօրին տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեի օգտին։ Հանրահավաքին մասնակցում էին շուրջ 10 հազ. մարդ։ Ակցիան տեղի է ունեցել առանց միջադեպերի։ Սակայն Գաչեչիլաձեի կոչով մարդիկ ցրվել են։

Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմության թեկնածուն, հունվարի 7-ին Վրաստանը նշում է Սուրբ Ծնունդը, և այդ պատճառով այդ օրը ոչ մի հանրահավաք և ցույց չի լինի։ Միաժամանակ, Գաչեչիլաձեն նոր ակցիայի կոչ է արել հունվարի 8-ին։ «Մենք կհավաքվենք Ռիկեի հրապարակում՝ մեր հաղթանը տոնելու համար»,- հայտարարել է նա։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Նախընտրական արշավը Վրաստանում տեղի էր ունենում «ադմինիստրատիվ ռեսուրսի» լայն կիրառմամբ և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բացահայտ ճնշմամբ, և ժողովրդավարական ընտրությունների մասին միջազգային մի շարք դիտորդների գնահատականները մակերեսային են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանում անսպասելի չէին հունվարի 5-ին նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքում Վրաստանի իշխանությունների կողմից ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները։

«Լրատվամիջոցների, ոչ կառավարական կազմակերպությունների և ընդդիմության ներկայացուցիչների կողմից ստացվում էին և շարունակում են ստացվել իշխանությունների կողմից ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները», - ասվում է տեղեկատվության մեջ։

«Այս ամենը անսպասելի չէ, եթե հաշվի առնենք ողջ նախընտրական արշավի բնույթը, որը դժվար թե կարելի է անվանել «ազատ և արդար»։ Փաստորեն այն սկսվեց արտակարգ իրավիճակի պայմաններում։ Նախագահական արշավը նախանշվեց «ադմինիստրատիվ ռեսուրսի» լայն կիրառմամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բացահայտ ճնշմամբ, ֆինանսական և լրատվական միջոցների նկատմամբ խիստ սահմանափակումներով», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ի կարծիքով, նման իրավիճակում ամբողջովին հասկանալի է ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների վրդովմունքը կապված այն բանի հետ, որ «նախկին նախագահը, ըստ էության, իրեն հայտարարել է հաղթող՝ չսպասելով քվեարկության գոնե նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը»։

«Իսկ ամերիկացի կոնգրեսական Հասթինգսի կողմից վաղաժամ հնչեցրած «վրացական ժողովրդավարության հաղթանակի» մասին արևմտյան դիտորդների գնահատականները, փափուկ ասված, մակերեսային տեսք ունեն», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-