ԲԿՄԱ-ի նախկին ղեկավար պորտուգալացի Ժորժեն կգլխավորի Իրանի ֆուտբոլի հավաքականը

27.12.2007, 14:53
ԲԿՄԱ-ի նախկին ղեկավար պորտուգալացի Ժորժեն կգլխավորի Իրանի ֆուտբոլի հավաքականը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ղեկավար Արթուր Ժորժեն կգլխավորի Իրանի ֆուտբոլի հավաքականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իրանի ԻՍՆԱ տեղեկատվական գործակալությանը,  որն իր հերթին հղում է անում տեղեկացված աղբյուրներին։

«Չորեքշաբթի Արթուր Ժորժեն ընտրվել է Իրանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես սպասվում է, պորտուգալացին մոտ ժամանակներս կժամանի Թեհրան՝ պայմանագիրը ստորագրելու համար։

Ավելի վաղ Իրանի հավաքականը գլխավորում էր Ամիր Գալենոին, սակայն Ասիայի Գավաթ-2007-ին իրանցի ֆուտբոլիստների անհաջող ելույթից հետո նա ստիպված եղավ հրաժարվել պաշտոնից։ Դրանից հետո Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում գերմանացի Վինֆրիդ Շեֆերի, անգլիացի Պիտեր Ռիդի, ինչպես նաև ֆրանսիացի Ֆիլիպ Տրուսիեի հետ։

2004 թ.-ին Ժորժեն ղեկավարել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի առաջնության առաջին շրջանի ընթացքում, որից հետո նրան փոխարինել է ԲԿՄԱ-ի այժմյան մարզիչ Վալերի Գազաևը։ Նույն տարվա նոյեմբերին Ժորժեն գլխավորել է Կամերունի հավաքականը, սակայն պորտուգալացի մասնագետի ղեկավարության ներքո  կամերունցիները չկարողացան անցնել Աշխարհի 2006 թ.-ի առաջնության եզրափակիչ փուլ և դուրս մնացին Աֆրիկայի գավաթի ¼  եզրափակչից։ 2006 թ. մարտին Ժորժեն լքել է Կամերունի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։-0-