Ռուսերենից հրաժարվելը ոչինչ չի տա դրան ձգտող ԱՊՀ երկրներին. փորձագետ

17.12.2007, 19:13
Ռուսերենից հրաժարվելը ոչինչ չի տա դրան ձգտող ԱՊՀ երկրներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ այն երկրները, որոնք վարում են ռուսաց լեզվից հետզհետե հրաժարվելու քաղաքականություն, դրանից ոչինչ չեն շահի, կարծում է Մոսկովյան Կարնեգի կենտրոնի վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն։

«Այսօր ԽՍՀՄ նախկին հանրապետություններում միտումնավոր միջոցներ են ձեռնարկվում ռուսաց լեզվի դեմ, բայց ոչ ոք ոչինչ չի շահի՝ ոչ Մերձբալթիկայում, ոչ Ուկրաինայում, ոչ Կովկասում, եթե այդ լեզվական տարածքը սկսկի սահմանափակվել։ Առավել ևս, որ ռուսաց լեզուն լիովին անգլերենով փոխարինելու մասին խոսելը բավականին խնդրահարույց է»,-ասել է նա երկուշաբթի՝ «ՌԻԱ-Նովոստիի» հետխորհրդային տարածքի խնդիրների փորձագիտական խորհրդի նիստում։

Նրա խոսքերով, ռուսաց լեզուն ընդհանուր հարստություն է, որը մնացել է «ի հեճուկս քաղաքականության և գազի գների»։

«Դա այն դրականը և հաղորդակցականությունն է, որը ստեղծում է շփման ընդհանուր դաշտ»,-կարծում է Մալաշենկոն։

Իր հերթին, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի հետ կապված խնդիրն արտացոլում է ԱՊՀ երկրների պետականության կայացումը։

«Բնական է, որ ազգային շինարարության խնդիրը բավականին ծանր է, հիվանդագին և կընթանա բավականին երկար։ Այդ փուլում հաղորդակցությունը, ինչպես մենք այն հասկանում ենք, այսինքն՝ փոխազդեցությունը, փոխըմբռնումը գրեթե անհնար է։ Առավելագույնը, ինչ կարելի է փորձել անել, դա այդ տարբեր պետական օրակարգերի բախման բացասական կողմերը նվազագույնի հասցնելն է»,-ասել է նա։

Նրա խոսքերով, այսօր Ռուսաստանն իրականացնում է ինքնուրույն և «էգոիստական» քաղաքականություն։

«Ռուսաստանն ունի իր խնդիրները, որոնք լուծում է՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով ինչպես հեռավոր, այնպես էլ մոտ հարևանների կարծիքին։ Իր տարածքի, պաշարների, ներուժի հաշվին Ռուսաստանը կարող է դա թույլ տալ իրեն։ Թե որքանով է այդ քաղաքականությունը համապատասխան՝ չգիտեմ։ Կան պլյուսներ և մինուսներ, կան լուրջ բացթողումներ, բայց դա կյանքի փաստն է, որը չենք կարող բացառել»,-կարծում է Լուկյանովը։

Համանման գործընթացներ են գնում նաև այլ երկրներում, ընդ որում, որքան ավելի խոշոր է երկիրը, այնքան ավելի մեծ է նրա մոտ՝ սեփական քաղաքականություն վարելու և ուրիշներին չենթարկվելու ցանկությունը, հավելել է նա։

«Այսօրվա դրությամբ մեր հաղորդակցությունը խնդիրներ ունի, բայց պետք է փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է նվազեցնել բացասական ներուժը»,- եզրափակել է նա։–0—