Գյումրի են ժամանել Վրաստանի բազայից դուրս եկած ռուս զինծառայողները

16.11.2007, 11:05
Գյումրի են ժամանել Վրաստանի բազայից դուրս եկած ռուս զինծառայողները
Գյումրի են ժամանել Վրաստանի բազայից դուրս եկած ռուս զինծառայողները

Գյումրիի բազա են ժամանել Վրաստանի բազայից դուրս եկած ռուս զինծառայողներն և նրանց ընտանիքի անդամները, նյութատեխնիկական ունեցվածքով շարասյունը կժամանի մոտավորապես երկու ժամից, տեղեկացրել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղեկատվության ապահովման գծով օգնական, գնդապետ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անդրկովկասում ռուսական զորքի խմբի (ԱՌԶԽ) զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ժամանել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազա։ Հայաստանի սահմանին մաքսային ստուգումից հետո նրանց վագոնները միացվեցին Գյումրիի կայարան ուղևորվող առաջին գնացքին։ Զինծառայողները բազա են ժամանել 15 րոպե առաջ», - ասել է «ՌԻԱ Նովոստիին» Կոնաշենկովը։

Նրա խոսքերով, Վրաստանի տարածքից դուրս եկած նյութատեխնիկական ունեցվածքով զինվորական շարասյան մնացած մասը, ռուսական զինված պահակի հսկողության տակ, ուղևորվում է բազա։ Շարասյունը կժամանի երկու ժամից, նշել է գլխավոր հրամանատարի օգնականը։

Կոնաշենկովի խոսքերով, Գյումրի կտեղափոխվի ռազմատեխնիկական ունեցվածքի շուրջ 200 տոննա՝ ռուսական 102-րդ բազայի պաշարների համալրման համար։

«Ժամանած զինծառայողների մի մասը կմնան Հայաստանում ծառայության համար, իսկ մնացածները կմեկնեն Ռուսաստան՝ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգ», - ասել է գնդապետը։

Վրաստանի տարածքում մնացած ռուսական վերջին 12-րդ բազան ծրագրվում էր դուրս հանել 2008 թ.-ի ընթացքում, սակայն Ռուսաստանը բարի կամք  է ցուցաբերեց և բազան վաղաժամկետ դուրս հանեց, նշել է նա։

«Սա Վրաստանից դուրս հանված զինծառայողների վերջին շարասյունն էր։ Վրաստանում ռուսական զորքեր այլևս չկան, այնտեղ մնացել են միայն խաղաղարարներ, որոնք գործում են, ըստ ԱՊՀ մանդատի, Աբխազիայում, ինչպես նաև Հարավային Օսեթիայում՝ Վրաստանի մասնակցությամբ խառնակազմ ուժերի կազմում», - ասել է Կոնաշենկովը։

Նոյեմբերի 13-ին 12-րդ ռազմական բազայի բոլոր ռազմական օբյեկտները, ինը զինվորական քաղաքները և այլ օբյեկտներ փոխանցվել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։ Բազայի փոխանցման ակտը ստորագրել են ԱՌԶԽ-ի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը և Վրաստանի պաշտպանութան փոխնախարար Բատու Քութելիյան, պարզաբանել է գնդապետ Կոնաշենկովը։ Բացի ակտերից, վրացական և ռուսական կողմերը ստորագրել են երեք հավելված, ըստ որոնց Վրաստանը չունի բազայի փոխանցման հետ կապված ոչ մի պահանջ։

2007 թ.-ին Վրաստանում տեղաբաշխված ռուսական ռազմական բազաներից երկաթուղային շարասյունով Ռուսաստանի տարածք է տեղափոխվել ավելի քան 500 միավոր տեխնիկա և շուրջ 2 հազ. տոննա նյութատեխնիկական ունեցվածք։ Բացի դրանից, 2007 թ.-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազա է տեղափոխվել Վրաստանում գտնվող ռազմական բազաների տեխնիկայով և նյութական միջոցներով բեռնված չորս շարասյուն։

Ըստ ռուսական բազաների դուրս բերման ժամկետների և կարգի մասին ռուս-վրացական համաձայնության՝ ծրագրվում էր 12-րդ բազայի դուրս բերումն ավարտել 2008 թ.-ի ընթացքում։ Ախալքալաքից 62-րդ ռազմական բազայի դուրս բերումը ավարտվել էր նշված ժամկետից շուտ՝ 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ի փոխարեն հունիսի վերջին։-0-