Պուտինը Պատվո շքանշանով պարգևատրել է «Մորգան Սթենլի Բանկի» նախագահ Հրայր Սիմոնյանին

08.11.2007, 12:11
Պուտինը Պատվո շքանշանով պարգևատրել է «Մորգան Սթենլի Բանկի» նախագահ Հրայր Սիմոնյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով պարգևատրել է «Մորգան Սթենլի Բանկ» ԲԲԸ վարչության  նախագահ Հրայր Սիմոնյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն, որի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում, Սիմոնյանն արժանացել է շքանշանի՝ «նվաճած աշխատանքային հաջողությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»։

«Մորգան Սթենլի Բանկ» ԲԲԸ-ն աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley-ի ռուսական «դուստրն» է։ Ռուսական շուկայում Morgan Stanley-ն ներկա է 1994 թ.-ից, իսկ 2005 թ.-ին հիմնել է դուստր «Մորգան Սթենլի Բանկ»-ը։

Հրայր Սիմոնյանը ծնվել է 1947 թ.-ին՝ Բրեստում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանը, տնտեսագիտության դոկտոր է։

1974-1991 թթ. աշխատել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում, 1992-1996 թթ. գլխավորել է «Արտասահմանյան ներդրումների և սեփականաշնորհման կենտրոն» ռուսական խորհրդատվական ընկերությունը։ 1996-1997 թթ. եղել է «Ռոսնեֆտի» առաջին փոխնախագահը։

Morgan Stanley-ում Սիմոնյանն աշխատում է 1998 թ.-ից, 2005 թ. հուլիսից՝ «Մորգան Սթենլի Բանկ» ԲԲԸ վարչության նախագահն է։--0—