ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում՝ 2008թ.

05.10.2007, 16:03
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում՝ 2008թ.
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում՝ 2008թ.

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում՝ 2008թ.

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս որոշումն ընդունվել էր նախօրեին Դուշանբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Տաջիկստանի մայրաքաղաքում ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, որը կարևորեց միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Դուշանբեի նիստին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները։

 Նիստի նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ միջպետական ակտերի ու Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների անդամ պետություններում իրագործման աշխատանքների ընթացքը:

Նիստի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ գործունեության առաջնային ուղղությունները, անօրինական միգրացիային հակազդեցության ուժեղացման և արտակարգ իրավիճակներում փոխգործակցության խորացման նպատակով կազմակերպության կառուցվածքային կատարելագործման հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման հարցը: 

Պատվիրակությունների ղեկավարները հավանություն են տվել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մեխանիզմի նորմատիվ և կազմակերպական ձևավորմանը և ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթին։

Հավանության է  արժանացել նաև ՀԱՊԿ անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին արձանագրության նախագիծը։--0—