Նախկին սենատոր Չախմախչյանի գործը փոխանցվել է Մոսկվայի քաղաքային դատարան

04.10.2007, 17:58
Նախկին սենատոր Չախմախչյանի գործը փոխանցվել է Մոսկվայի քաղաքային դատարան

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի քրեական գործը, որը մեղադրվում է խարդախության մեջ, փոխանցվել է Մոսկվայի քաղաքային դատարան, «ՌԻԱ-Նովոստիին» տեղեկացրել է մեղադրյալի փաստաբան Վալենտինա Սիզովան։

Այսպիսով, ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ թերությունները վերացնելու համար գործը հետաքննությանը վերադարձնելու մասին։

Փաստաբանը պարզաբանել է, որ դատարանը որոշել է, որ Կալմիկիայից նախկին սենատորի գործը պետք է քննի սովորական, այլ ոչ թե Գերագույն դատարանը։ Նրա խոսքերով, Մոսկվայի քաղաքային դատարանը պետք է սահմանի Չախմախչյանի քրեական գործի ենթադատությունը։

Սիզովան ճշտել է, որ եթե գործի վրայից չվերացվի «գաղտնի» կնիքը, այն ըստ էության կքննվի հենց Մոսքաղդատարանի կողմից։ Իսկ եթե գործը դադարի գաղտնի լինել, այն կքննի մայրաքաղաքի շրջանային դատարաններից մեկը։

«Դա լիովին անսպասելի շրջադարձ է, որը մեզ չի բավարարում, և մենք կարծում ենք, որ դա խախտում է մեր պաշտպանյալի իրավունքները»,-ասել է փաստաբանը։

Դատական նիստում նախկին պատգամավորի պաշտպանությունը բարձրացրել է  Չախմախչյանի նկատմամբ քրեական գործի կասեցման հարցը։

«Մենք մեր բողոքը հիմնավորում էինք նրանով, որ մեր պաշտպանյալի դեմ քրեական գործը հարուցվել է հունիսի 2-ին, այն դեպքում, երբ նա պատգամավորի կարգավիճակից զրկվել է միայն հունիսի 23-ին։ Այսինքն այն պահին, երբ Չախմախչյանի նկատմամբ սկսվել են դատավարական միջոցառումները, նա ուներ  Ֆեդերացիայի Խորհրդի անդամի կարգավիճակ և հավելյալ երաշխիքներ, այդ թվում՝ անձեռնմխելիություն»,-ասել է Սիզովան։ Այս միջնորդությունը դատարանը չի բավարարել։

Չախմախչյանի հետ միասին գործով անցնում են նրա փեսան՝ ՌԴ Հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը և Չախմախչյանի ղեկավարած «Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիա» հասարակական միավորման  գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը։ Նրանց մեղադրում են «Տրանսաէրո» ավիաընկերությունից խարդախության ճանապարհով 1,5 մլն. դոլար հափշտակելու  մեջ, ինչը դատապարտվում է ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածով, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում։–0--