ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն այլևս չպետք է «դաստիարակչական հաստատության» դեր խաղա
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կողմ է ԵԱՀԿ բարեփոխման գործընթացի ավարտին և այդ կազմակերպության գործունեության հստակ գործառույթնների ստեղծմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրոցվը՝ ելույթ ունենալով Ուրուգվայի ազգային կոնգրեսի պատգամավորների առջև։
«Մենք կողմ ենք, որպեսզի ԵԱՀԿ վերակազմավորումն ավարտվի և նա օրինականացվի որպես լիիրավ տարածաշրջանային կազմակերպություն՝ հստակ կանոններով, որը որևէ մեքենայություն կամ չարաշահումներ չի հանդուրժի որևէ մեկի կողմից»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա կարծիքով, ԵԱՀԿ գոյությունը որպես «ոչ ավանդական ֆորում» և գրեթե «դաստիարակչական հաստատություն» բավականին երկարաձգվեց։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ստեղծվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի հիման վրա, որի ձևավորումը տեղի է ունեցել 1975թ. Հելսինկիի համաձայնագրի, հետպատերազմյան Եվրոպայի սահմանների անխախտելիությունը հաստատող և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրերի ստորագրումից հետո։
Լավրովը նախկինում էլ հաճախ էր հայտարարում, որ անհրաժեշտ է ակտիվացնել կազմակերպության վերափոխման գործընթացը։
Ռուսաստանը կազմակերպության անդամ-երկրների քննարկմանն է ներկայացրել մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ կանոնադրության օրինագիծը, ինչպես նաև ընտրություններին առնչվող միասնական չափանիշների մասին փաստաթղթի նախագիծը։
Մոսկվան մեկ անգամ չէ, որ հայտարարել է ԵԱՀԿ կանոնադրության գործունակության անկման մասին։ Բացի այդ, Ռուսաստանը նշել է ընտրական վերահսկողության միասնական չափորոշիչներ ստեղծելու անհրաժեշտության մասին։ 2005 և 2006 թվականներին Մոսկվան իր առաջարկությունները ներկայացրել էր այս առումով, բայց ԵԱՀԿ-ն կամ դրանք անուշադրության էր մատնում, կամ էլ մատնանշում, որ Կազմակերպությունն ունի սեփական առաջարկությունները։ --0—