Կուբան-Սլավյանսկի հայկական եկեղեցին նշել է իր հինգ ամյակը

27.08.2007, 11:31
Կուբան-Սլավյանսկի հայկական  եկեղեցին նշել է իր հինգ ամյակը

Կուբան-Սլավյանսկայում (Կրասնոդարի երկրամաս) նշել են Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հինգ ամյակը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթից, միջոցառումը բացվել է տոնական ժամերգությամբ, որից հետո եկեղեցու  տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր հանրահավաք։

Հավաքվածներին, որոնց թվում էին ինչպես տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ Կրասնոդարի, Անապայի, Նովոռոսիյսկի և Կուբանի այլ տարածաշրջանների բազմաթիվ հյուրեր, իր շնորհավորական ուղերձով  դիմել է  Սլովանական տարածաշրջանի ղեկավար, Սլավոնական կոզակների համայնքի ատաման Վլադիմիր Գոնչարովը։

Նա հիշեցրել է, որ 2002 թ.-ին Մշակույթի և գթասրտության հայկական հանրությունը դիմել է տարածաշրջանի վարչությանը՝ եկեղեցու կառուցման համար հողատարածք հատկացնելու խնդրանքով։

Վ. Գոնչարովի խոսքերով, հողատարածքը և շինարարության համար թույլատվությունը հակտացվել են անհապաղ։ Եկեղեցին կառուցվել է մեկ տարվա ընթացքում և դարձել է ոչ միայն քրիստոնեական տաճար, այլ նաև մշակութային կենտրոն, որի շուրջ համախմբվել է հայ հանրությունը։  

«Չնայած որ հայերի, ռուսների և ուկրաինացիների մոտ տարբեր լեզուներ և սովորույթներ են, սակայն մեզ՝ բոլորիս միավորում է մեկ հավատ, ընդհանուր պատմություն, փոխըմբռնման ձգտում», - ասել է նա։

Տոնական միջոցառման հիմնական մասը բաղկացած էր համերգային ծրագրից, որը կազմակերպվել էր Կրասնոդար քաղաքի Պաշկովսկի գյուղի հայկական համայնքի և երկրամասի այլ մշակութային համույթների համատեղ ջանքերով

Հավաքվածների առջև ելույթ են ունեցել ազգային պարային համույթներ՝ «Արին-Բերդը» (Կրասնոդար, գյուն Պաշկովսկի), «Աղբյուրը» (Անապա), «Անին» (Կուբան-Սլավյանսկ) և երգիչներ։ Համերգից հետո հյուրերին սպասում էին հայկական խոհանոցի ճաշատեսակներով լի տոնական սեղանները։

Սլովանական տարածաշրջանում հայկական համայնքը, ռուսներից և ուկրաինացիներից հետո, թվով երրորդն է։ Մոտավորապես 3 հազ. հավատացյալ, ընդ որում ոչ միայն հայեր, ամեն տարի ներկա են գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող ժամերգություններին։

Եկեղեցու վանահայր Տեր Պետրոսը եկեղեցուն կից բացել է կիրակնօրյա դպրոց, որտեղ 35 երեխա ուսանում է Հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը, բանավոր և գրավոր խոսքը։-0-