ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում հրթիռային միջադեպի հետ կապված հայտարարություն չի արել

14.08.2007, 18:35
ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում հրթիռային միջադեպի հետ կապված հայտարարություն չի արել

Վրաստանում գտնվող ԵԱՀԿ առաքելությունը «հրթիռային միջադեպի» հետ կապված որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, «Նովոստի-Գռուզիա» գործակալությանը տեղեցրել են առաքելությունում։

Օգոստոսի 14-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վրաստանում գտնվող ԵԱՀԿ առաքելությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ օգոստոսի 6-ին Վրաստանի օդային սահմանների խախտման և հրթիռային հարվածի վերաբերյալ։

ԵԱՀԿ առաքելությունը ճշտել է, որ նախորդ օրը միջադեպի հետ կապված հայտարարություն է արել ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին առընթեր Վրաստանի մշտական պատվիրակությունը, և ԶԼՄ-ները, շփոթելով անվանումները, տարածել են ոչ ստույգ տեղեկատվություն։

ԵԱՀԿ-ում վրացական ներկայացուցչության հայտարարությունը երեկ հրապարակվել էր Վրաստանի ԱԳՆ կայքում։

Վրացական կողմը օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ օգոստոսի 6-ին ռուսական տարբերանշաններով ինքնաթիռը ներխուժել էր Վրաստանի օդային տարածք և հրթիռ արձակել Գորի քաղաքի մոտ գտնվող ՌԼԿ-ի ուղղությամբ։ Հրթիռն ընկել է Ցիտելուբանի բնակավայրի մոտ։

ՌԴ զիված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ նշված ժամանակահատվածում Վրաստանի օդային սահմանին հարող տարածքում ռուսական ինքնաթիռներ չեն եղել։

Վրաց-օսեթական հակամարտության գոտու խաղաղապահ Խառնակազմ զորամիավորումների հրամանատար Մարատ Կուլախմետովն ասել է, որ Վրաստանը՝ Ռուսաստանի կողմից իր երկրի օդային սահմանի խախտման մասին հայտարարություն անելուց մեկ օր առաջ հերքել էր խաղաղապահների տեղեկատվությունն՝ անհայտ ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ և 14 ժամ լռել՝ պետական սահմանի խախտման փաստի մասին։

Կուլախմետովը հայտարարել է նաև, որ վրացական կողմը շտապել է վերացնել անհայտ ինքնաթիռից արձակված չպայթած հրթիռը, այդ պատճառով էլ խաղաղապահները հնարավորություն չեն ունեցել նույնականացնել այն։

Խաղաղապահների տվյալներով, ինքնաթիռը հայտնվել է Վրաստանի տարածքից և այնտեղ էլ վերադարձել է։--0—