Ռուսական շուկաներում առևտրի նոր կանոնները կարող են դրանք կիսադատարկ թողնել, կարծում են պաշտոնյաները և առևտրականները

02.08.2007, 13:20
Ռուսական շուկաներում առևտրի նոր կանոնները կարող են դրանք կիսադատարկ թողնել, կարծում են պաշտոնյաները և առևտրականները
Ռուսական շուկաներում առևտրի նոր կանոնները կարող են դրանք կիսադատարկ թողնել, կարծում են պաշտոնյաները և առևտրականները

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 1-ից ռուսական շուկաների  աշխատանքի նոր պահանջները կարող են հանգեցնել ոչ միայն պետական վերահսկման ուժեղացմանը, այլև շուկաներում դատարկ տեղերի ավելացմանն ու չարտոնված առևտրին, կարծում են տեղական պաշտոնյաները և առևտրային ընկերությունների ղեկավարները։ 

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, Ռուսաստանում պաշտոնապես գործում է 5,2 հազ. մանրածախ շուկա։ Դրանցում ռուսները գնում են ավելի քան 40 տոկոս բանջարեղեն և 30 տոկոս անասնաբուծական արտադրանք։ Իսկ շուկաներում առևտրով զբաղվում է 1,2 միլիոն մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մանրածախ շուկաների մասին» դաշնային օրենքը և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունները նոր պահանջներ են ներկայացնում շուկաների աշխատանքի կազմակերպման համար և ավելացնում են այդ պահանջները չկատարելու դեպքում սահմանված տուգանքների չափը։

Ռոստովի շրջանի Շուկաների ասոցիացիայի նախագահ Յուրի Մուկովոզի կարծիքով, օրենքը չմտածված և անհարմար է նախևառաջ գնորդների և գյուղատնտեսական ապրանքներ վաճառողների համար, իսկ «նման բարձր տուգանքներն ուղղված են շուկաների ոչնչացմանը»։

Սվերդլովսկի շրջանի շուկաներում օրենքի փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո շատ տեղեր են ազատվել, ընդ որում, դրանցից մի մասը գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին տրամադրվում է անվճար, սակայն դրանք բոլորը չեն համալրվում։ Միաժամանակ կրճատվել է վաճառվող ապրանքի տեսականին։

«Պակասել են Անդրկովկասի և Միջին Ասիայի հանրապետություններից բերվող ապրանքները, շուկաներում ուժեղացել է առևտրի վերահսկումը Ռուսաստանի սպառողական վերհսկողության, ներքին գործերի մարմինների կողմից», - պատմել է շրջանի գյուղատնտեսության և արդյունաբերության փոխնախարար Սերգեյ Լացկովը։

Ռուսաստանի սպառողական վերահսկողության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տուգանել շուկաների տերերին՝ գյուղմթերք արտադրողներին տեղեր չհատկացնելու համար. օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի 2008 թ. հունվարի 1-ից։--0--