Սոչի-2014. օլիմպիադայի թալիսմանը կսահմանվի մրցույթի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2014թ. Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանը կորոշվի բաց մրցույթի միջոցով, որին կարող է մասնակցել Ռուսաստանի ցանկացած բնակիչ։ Այս մասին երեքշաբթի մամլո ասուլիսում հայտարարեց «Սոչի-2014» Հայտատու հանձնաժողովի գլխավոր տնօրեն Դմիտրի Չեռնիշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Արդեն իսկ Հայտատու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մենք բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել Սոչիի խաղերի թալիսմանի վերաբերյալ, - ասաց Չեռնիշենկոն։ - Բոլորս էլ հիշում ենք, թե ինչ կարևոր դեր է խաղացել օլիմպիական Արջուկը 1980թ. խաղերի ժամանակ (Մոսկվայում)։ Այնպես որ, կարծում եմ պետք է խորհրդակցել մեր երկրի բոլոր բնակիչների հետ։ Կլինի մրցույթ, բաց թենդեր, որի արդյունքում էլ ամենայն հավանականությամբ կընտրվի թալիսմանը»։
Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ համակարգող հանձնաժողովի առաջին այցը սպիտակ Օլիմպիադա-2014-ի մայրաքաղաք կկայանա 2007թ. օգոստոսին։ Չեռնիշենկոյի խոսքերով, դեռևս հայտնի չէ, թե ով կղեկավարի։
«ՄՕԿ համակարգող հանձնաժողովը, ինչպես միշտ, գլխավորում է ՄՕԿ փոխնախագահը։ Եվ նա իրավունք ունի խաղերի նախապատրաստական գործընթացի հարցերը քննարկման դնել ՄՕԿ գործադիր կոմիտեում։ բայց մեր դեպքում, ես հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի, - պատմել է «Սոչի-2014» գլխավոր տնօրենը։ - Դեռևս հայտնի չէ, թե ով կղեկավարի Սոչիի համակարգող հանձնաժողովը, բայց արդեն հայտնի է, որ դա չի լինի Ռուսաստանի մեծ բարեկամ Ռենե Ֆազելը՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի /ՀՄՖ/ նախագահը, քանի որ նա նմանատիպ պաշտոն է զբաղեցնում «Վանկուվեր-2010» կազմակերպչական կոմիտեում։
Նա հավատացրել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայի թույլ չտալու համար այնպիսի սխալներ, որոնք թույլ էին տվել նախորդ օլիմպիադայի կազմակերպիչները։
«Նախորդ օլիմիպիադայի անհաջող փորձը հաշվի կառնվի, և Ռուսաստանը չի հանդիպի այնպիսի սխալների, ինչպիսիք ունեին մեր նախորդները», - խոստացել է նա։ --0—