ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը, հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։
«Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,– նշվում է հաղորդման մեջ։
Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:
Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խորհրդարանում մի քանի հիմնավորում է ներկայացրել Թովմասյանին լիազորություններից զրկելու ուղղությամբ։ Մասնավորապես, առաջին պատճառն այն է, որ ՍԴ գործող նախագահը երկարատև ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր և 2010 թվականից զբաղեցրել է մի քանի առանցքային պաշտոններ, ինչը կարող էր նրա անկոմնակալության նկատմամբ կասկածներ հարուցել։
Որպես երկրորդ պատճառ նշվում էր ՍԴ նախագահի ազգակցական կապը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ (նա Օրբելյանի կնքահայրն է)։ Փաստորեն, բարեկամական կապը լռեցվել է, և ինքնաբացարկի հարց չի դրվել։
Երրորդ հիմնավորումն այն է, որ ավելի վաղ Թովմասյանը հայտարարություններ է արել և կարծիք է հայտնել 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների և հաջորդող դատավարությունների վերաբերյալ։
Եվ վերջինը։ Հաշվի առնելով այն, որ 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակահատվածում Թովմասյանը պետական պաշտոն է զբաղեցրել, ապա հարց է առաջանում Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում Քոչարյանի գործի քննության ժամանակ նրա անկողմնակալության վերաբերյալ։ Ելնելով դրանից` Թովմասյանը պետք է բարձրացներ իր մասնակցության հարցն այդ գործին նախքան դրա` քննության առնվելը, ինչը չի կատարվել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում